Դեկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրասիայի հարցերով ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասին։
Ողջունելով հյուրին նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ հայ-ամերիկյան գործընկերությունը տարբեր բնագավառներում, ներառյալ պաշտպանական և անվտանգության ոլորտը, վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում է, և առկա են նախադրյալներ դրանց ընդլայնման համար։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էվելին Ֆարկասն ասաց, որ Միացյալ Նահանգները կարևորում են Հայաստանի հետ պաշտպանական բնագավառներում փոխգործակցության զարգացումը, և իր այցելությունը միտված է դրա առավել ամրապնդմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի մասնակցությանը միջազգային խաղաղապահ գործունեությանը, և կարևորվեց Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղապահ առաքելություններին Հայաստանի ունեցած ներդրումը:
Քննարկվեցին Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները։
Արտգործնախարարն անդրադարձավ նաև տարածաշրջանում սպառազինությունների վերահսկման խնդիրներին, մասնավորապես տարածաշրջանային խաղաղության պահպանման համար Եվրոպայում Սովորական սպառազինությունների պայմանագրի արդիականացման կարևորությանը։
Կարդացեք նաև
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է զանգվածային ոչնչացման զենքի, միջուկային, քիմիական և կենսաբանական զենքի չտարածման, ահաբեկչության դեմ պայքարի միջազգային նախաձեռնություններին:
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։
Հանդիպման տեսանյութը կարելի է ներբեռնել հետևյալ կայքէջից :
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ