«Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) վարույթում ավարտվել է քաղաքացի Արգիշտի Կիվիրյանի կողմից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործն ըստ մեղադրանքի Արգիշտի Կիվիրյանի` ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու համար»,-երեկ ՀՔԾ պաշտոնական կայքում այսպիսի տեղեկատվություն հայտնվեց:
Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանի դեմ քրեական գործ էր հարուցվել Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Մասնավորապես դեպքի վերաբերյալ ոստիկանության աշխատողը՝ դասակի հրամանատարը զեկուցագիր է ներկայացրել, թե ոստիկանության ավտոմեքենայի մեջ Կիվիրյանն իր նկատմամբ բռնություն է գործադրել: Այնինչ Կիվիրյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրել էր. «Ես եմ բռնության ենթարկվել, բայց իմ դեմ է քրեական գործ հարուցվել»:
ՀՔԾ-ի մեղադրական եզրակացության փաստի առիթով Aravot.am-ը Armenia Today կայքի համակարգող, փաստաբան Արգիշտի Կիվիրյանից հետաքրքրվեց` ի՞նչ գնահատական կտա կատարվածին: Նա պատասխանեց. «Պայքարելու ենք, որպեսզի վերջիվերջո Հայաստանում հաղթի արդարությունը, արդարադատությունը, և այդ գործը չհասնի իր արդյունքին, այլ բոլոր այն անձինք, որոնք իմ դեմ իրականացրել են ապօրինություններ, ենթարկվեն պատասխանատվության: Դա Կոմիտաս 5-ի դեպքն է, երբ իմ նկատմամբ իրականացրել են բռնություններ, սակայն այս պահի դրությամբ ոչ թե այդ բռնությունների հետ կապված է հարուցված քրեական գործ, այլ ստեղծվել է մի կեղծ գործ, իբր ես եմ բռնության ենթարկել ոստիկանին և իրականացրել կեղծ մատնություն»:
Արգիշտի Կիվիրյանի կարծիքով` «գործ սարքելը հայկական իրականության մեջ նորություն չէ» և մշտապես այդ պրակտիկան եղել ու այսօր էլ կիրառվում է իր դեմ` ելնելով իր հասարակական- քաղաքական գործունեությունից:
Կարդացեք նաև
Արգիշտի Կիվիրյանը նշում է, թե «այդպես արհեստականորեն սարքված են նաև իր դեմ հարուցված չորս վարչական գործերը»:
Ամփոփելով նա ասաց. «Այս ամենը կապված է իմ հասարակական, իրավապաշտպան գործունեության հետ: Ամեն ձևով փորձ է արվում խոչընդոտել իմ գործունեությունը: Պետք է պայքարել, պետք է փորձենք փոխել իրավիճակը Հայաստանում: Իրենք չեն հասնի արդյունքի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Գագիկ Աղբալյանի