Հատված 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի «Առաջին լրատվական»–ի հարցազրույցից:
– Պարոն գեներալ, մամուլում հրապարակումներ կան այն մասին, որ Դուք դադարեցրել եք Ձեր անդամակցությունը Ռուսաստանի հայերի միությանը: Տարբեր պատճառներ են շրջանառվում մամուլում, ո՞րն է Ձեր հրաժարականի իրական պատճառը:
– Ես ազատ անհատականություն եմ, հասարակական գործիչ եմ, ես ՌՀՄ ղեկավար կազմի անդամ եմ, բայց միևնույն ժամանակ հանդիսանում եմ Արևմտյան Հայաստանի հայերի Հայ ազգային խորհրդի փոխնախագահ, այսինքն՝ Օսմանյան Թուրքիայի նախկին քաղաքացիների: Ես ելույթ եմ ունեցել երիտասարդության առջև Հայաստանի հայրենասիրական ուղու մասին, ԼՂ պաշտպանության մասին: Այնտեղ մի քանի տասնյակ երիտասարդներ էին տարբեր կազմակերպություններից, որոնք ՌՀՄ կազմ չեն մտնում: Նրանք տեղեկացրին, որ շատ միջոցառումներ, որոնք անցկացվում են Մոսկվայում, իրենք չեն տեղեկանում, և որևէ մեկը չի համակարգում նրանց մասնակցությունը, չգիտեն, թե ուր գնալ, ինչ անել, առաջարկեցին ձևավորել համակարգող խորհուրդ: Ի՞նչ վատ բան կա դրանում, ավելի մեծ մասնակցություն: Բայց ինչ-որ մեկը զեկուցել է ՌՀՄ նախագահին, և նա խորհրդակցություններից մեկի ընթացքում ասում է` առանց որևէ անուն-ազգանուն մատնանշելու, բայց ինձ նկատի ունենալով, քանի որ ես եմ այնտեղ եղել. «Եթե ղեկավար կազմի անդամներից մեկը մասնակցում է նախաձեռնությունների, որտեղ ձևավորվում են ՌՀՄ-ին դեմ նախաձեռնություններ, թող հրաժարական գրի»: Ես ձեռք բարձրացրի, ցանկացա բացատրել, որ նա սխալ է հասկացել, իսկ նա պատասխանեց, որ իրեն տանը սպասում են, հյուրեր ունի և ավարտում է խորհրդակցությունը: Ես գնացի տուն և հրաժարականի մասին հայտարարություն գրեցի, այսքան բան: Ինչո՞ւ ես գտնվեմ մի կազմակերպությունում, որտեղ չեն հասկանում մարդկային խոսք: Ես ազատ անհատականություն եմ:
– Ձեր այս որոշմամբ պայմանավորված՝ հրապարակումներից մեկում տեղեկություն կար այն մասին, թե Դուք երիտասարդության մոտ ելույթ ունենալիս նշել եք, որ Լեռնային Ղարաբաղը կհայտնվի սպառնալիքի տակ, եթե Հայաստանը միանա Մաքսային միությանը, և եթե լինի մաքսակետ ԼՂ–ի հետ: Սա որքանո՞վ է արժանահավատ:
– Ես նման հիմարություններ չեմ ասել: Ընդհակառակը, որքան ավելի շատ է պաշտպանված դառնում Հայաստանն, այնքան ավելի պաշտպանված է լինում ԼՂ-ն, որովհետև ԼՂ-ն իրավաբանորեն ոչ, բայց փաստացիորեն Հայաստանն է: Իսկ քանի որ Ալիևը մշտապես հանդես է գալիս և ասում, որ Երևանը Ադրբեջան է, Դուք հասկանում եք, որ Դուք Ադրբեջանի տարածքում եք հիմա: Այն բանակով, որի կազմավորմամբ ես իմ ընկերների հետ զբաղվել եմ, պաշտպանում է մեր տարածքները, մենք ոչինչ չենք գրավել, այդ բանակն ապահովում է Ղարաբաղն ու Հայաստանը: Դա բարդ իրավիճակ է, Դուք ինձնից լավ գիտեք:
Արաքս Մարտիրոսյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում