Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվրոմայդանով վճռվում է նաեւ Ռուսաստանի ապագան

Դեկտեմբեր 18,2013 13:23

Ազատության ու անկախության նոր պայքարի մեկնարկ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ երեկ Մոսկվա կատարած աշխատանքային այցին ուշադրությամբ հետեւում էին ոչ միայն Ուկրաինայում ու Ռուսաստանում: Ռուս-ուկրաինական հարաբերությունների առումով այդ այցը, այսպես ասած՝ վճռական էր, եւ այն տեղի ունեցավ ուկրաինացի հասարակության համառ եւ հետեւողական պայքարի ֆոնին։ Արդեն չորս շաբաթ ուկրաինացի հասարակությունը ստիպում է իշխանությանը հաշտվել այն մտքի հետ, որ այդ երկրի հասարակությունը կատարել է իր ընտրությունը եւ Ուկրաինայի զարգացման ուղին տեսնում է դեպի եվրոպական համամարդկային արժեքներ:

Կրեմլի մամլո ծառայությունից տեղեկանում էինք, որ ՌԴ-ի եւ Ուկրաինայի ղեկավարների նախագահությամբ ռուս-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգում առեւտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ֆինանսական ներդրումների երկկողմ կապերին առնչվող հարցեր են։ «Լուրջ ուշադրություն կհատկացվի մշակույթի, կրթության եւ գիտության ասպարեզում համատեղ ծրագրերին, կքննարկվեն նաեւ ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցությանը եւ միջազգային հրատապ զարգացումներին վերաբերող խնդիրներ»,- նշված էր Կրեմլի հաղորդագրության մեջ։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ օրակարգում երկկողմ փաստաթղթերի մեծ փաթեթի ընդունում էր։
Ռուս-ուկրաինական միջպետական հարաբերությունների նիստում քննարկվել է Ուկրաինային վարկ հատկացնելու հարցը, որը հասնում է մինչեւ 15 միլիարդ դոլարի, ինչպես նաեւ՝ Ուկրաինայի համար ռուսական գազի սակագնի հարցը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Յանուկովիչի հետ խորհրդակցության ժամանակ երեկ հույս է հայտնել, որ ռուս-ուկրաինական զգայուն հարցերում կգրանցվի առաջընթաց: Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան ՌԴ-ի համար հանդիսանում է ռազմավարական գործընկեր, նա ափսոսանք է հայտնել, որ վերջին երկու տարում որոշակիորեն նվազել է երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը: Պուտինն ընդգծել է, որ վերջին շրջանում երկու երկրների կառավարությունները լավ աշխատել են զգայուն ուղղություններով՝ էներգետիկա, մեքենաշինություն, տիեզերք, ավիացիա, նավաշինություն, եւ որ այսօր հնարավորություն է ստեղծվել ամրագրել պայմանագրային-իրավական բազան: Պուտինն ու Յանուկովիչը չեն հիշատակել Մաքսային միության թեման:
Ռուսական «Գազպրոմ» եւ ուկրաինական «Նավթոգազ» ընկերությունները բնական գազի առքուվաճառքի եւ փոխանցման պայմանագրերում լրացումներ են ստորագրել, համաձայն որի՝ մոտակա տասը տարիներին Ուկրաինայի համար գազի սակագինը կկազմի 268,5 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց: Փաստաթղթերի ստորագրումից հետո ՌԴ նախագահը նշել է, որ Ուկրաինայի համար գազի գնի ներկայիս իջեցումը ժամանակավոր բնույթ է կրում, ՌԴ-ն պատրաստ է հետագայում էլ ընդառաջել իր գործընկերներին, սակայն հարկավոր է իրականում արդյունավետ և երկարաժամկետ սխեմա մշակել:

Անկախ նրանից, թե ռուս-ուկրաինական պաշտոնական բանակցությունները եւ դրանց արդյունքները ինչպես կընդունվեն Մայդանում, պետք է արձանագրել, որ վերջին շաբաթներին տեղի ունեցածը լուրջ ազդակ էր նաեւ Ռուսաստանի հասարակության համար, որովհետեւ խնդիրը ոչ այնքան Մաքսային միության եւ ԵՄ ազատ շուկայի միջեւ զուգահեռներ անցկացնելն ու դրանց միջեւ առավելությունները համեմատելն է, որքան ավելի սկզբունքային հարցերի շուրջ պատասխաններ գտնելը:

Իրականում այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ հետխորհրդային հանրապետությունները ակամայից, կարծես, հայտնվել են ընտրություն անելու հրամայականի առջեւ: Այդ ընտրությունը կատարելուն ինչ-որ առումով դրդում է, իհարկե, Կրեմլը, որտեղ նախկին խորհրդային միությունների նկատմամբ վարվող կոշտ քաղաքականությունը վաղուց արդեն չեն էլ թաքցնում:
Բայց խնդիրն այն է, որ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ու Մաքսային միության միջեւ սկզբում «արհեստական» համարվող ընտրությունը արդեն դարձել է իրական ընտրության պահանջ՝ այսօրվա Ռուսաստանի եւ համամարդկային իրական արժեքների հաստատման միջեւ ընտրություն կատարելու հարց, նոր պայքարի հրամայական:

Վստահաբար այդ ընտրության առջեւ կանգնելու է նաեւ ռուս ժողովուրդը, եւ Ուկրաինան իրականում, ինչ-որ առումով, նաեւ արթնացնում է ռուս ժողովրդին: Բոլորովին էլ չափազանցված չեն այն գնահատականները, որ Կիեւում այս օրերին որոշվում է ոչ միայն Ուկրաինայի, այլեւ հետխորհրդային ողջ տարածքի, այդ թվում նաեւ՝ Հայաստանի ճակատագիրը: Մի օր էլ ռուս հասարակությունը, ինչպես ազատության եւ օրինականության ձգտող ու զարգացող ապրող ցանկացած հասարակություն, ընդվզելու է ընդդեմ պուտինյան վարչակարգի, մի օր էլ բելառուս ժողովուրդը՝ ընդդեմ Բատկայի իշխանության:

Եվրոմայդանն իրականում ինչ-որ մի նոր ալիքի սկիզբ է դառնում հետխորհրդային հանրապետությունների համար, եւ գուցե դրա առաջին ծիլերը հայտնվեն հենց այսօրվա Ռուսաստանում, որտեղ քաղաքական էլիտան գուցե չի գիտակցում, որ ակամայից Ռուսաստանի նկատմամբ ձեւավորվում է մի վերաբերմունք, մի մթնոլորտ, որն իրենից առավելապես վանում է հետխորհրդային երկրներին, քան ձգում դեպի իր կողմ: Այս մթնոլորտը մի տեսակ դեռ օդի մեջ է, ոչ այնքան ցայտուն, բայց ինչ-որ բան արդեն իսկ փոխվում է: Եվրոմայդանն ազատության ու անկախության նոր պայքարի մեկնարկ է կարծես ազդարարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Ռուսները ե՞րբ են այդքան խելք ունեցել, որ այդքան բանը հասկանան: Сила есть,- ума не надо!

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031