Լրահոս
Օրվա լրահոսը

Վերապատվելի Ս.Նավոյան. «Պեդոֆիլիան եւ անասնապղծությունն էլ հանեցին հիվանդությունների ցանկից»

Դեկտեմբեր 17,2013 23:00

«Արեգ» գիտավերլուծական կենտրոնի համանախագահ, աստվածաբանության դոկտոր, վերապատվելի Սամվել Նավոյանը (լուսանկարում՝ մեջտեղինը), այսօր, «Քրիստոնեական արժեհամակարգը՝ որպես քաղաքակրթական ընտրություն եւ արդի մարտահրավեր» գիտաժողովի ժամանակ իր ելույթում շեշտը դրեց քրիստոնեական արժեհամակարգի բաղադրիչներից մեկի՝ մարդկային կյանքի արժեքի վրա:

Ըստ վերապատվելի Ս. Նավոյանի՝  մինչեւ քրիստոնեությունը մարդկային կյանքը արժեք չուներ: Օրինակ, Արիստոտելի գործերում կինը ազատ մարդու եւ ստրուկի մեջ մի տեղ էր զբաղեցնում: Վերապատվելի Նավոյանը բազմաթիվ օրինակներ բերեց մինչքրիստոնեական ժամանակներից, ինչպես նաեւ՝ այլադավան ազգերի եւ ցեղախմբերի ավանդույթներից, ցույց տալու համար, թե որքան անարժեք էր մարդկային կյանքը:

Ինքնասպանությունները նույնպես՝ մինչեւ քրիստոնեությունը չափազանց մեծ տարածում ունեին, եւ քրիստոնեական արժեքների հետ մեկտեղ եկավ մարդկային կյանքի, այդ թվում՝ սեփական կյանքի արժեւորումը:

Այս ամենին պարոն Նավոյանը սահուն անցում կատարեց մինչեւ միասեռականություն եւ գենդերային խնդիրներ: Նա մի քանի օրինակներ բերեց, թե ինչպես են միջազգային ազդեցիկ կազմակերպությունները, եթե ոչ խրախուսել, ապա իրենց լոյալ վերաբերմունքով խթանել ոչ միայն միասեռականության, այլեւ՝ մանկապղծության՝ պեդոֆիլիայի, արյունապղծության՝ ինցեստի, անասնապղծության՝ զոոֆիլիայի տարածումը, քանի որ արդեն ոչ միայն միասեռականությունը հիվանդություն չի համարվում, այլ, ըստ վերապատվելու տվյալների՝ զոոֆիլիան եւ պեդոֆիլիան՝ նույնպես:

Նա նաեւ ասաց, որ Եվրախորհրդի աջակցությամբ մանկական ձեռնարկ է տպագրվել, որում խոսվում է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների հանդեպ խտրականության անթույլատրելիության մասին, որ կան ինչ-որ ծրագրեր, համաձայն որոնց, մինչեւ չորս տարեկան դառնալը երեխաներին պետք է սովորեցնել դիպչել սեփական մարմնին եւ հաճույք ստանալ, եւ այլն:

Դեռ լավ է, որ վերապատվելի Նավոյանի սարսափազդու օրինակները միայն Եվրոպայի մասին չէին, նա նաեւ ասաց, որ ՌԴ հասարակական պալատի ղեկավար Ռադչենկոն միասեռականության ջատագովն է եւ ասել է, որ ժամանակն է փոխել այնպիսի հնացած ձեւակերպումներ, ինչպիսիք են՝ մայրություն, հայրություն, ընտանեկան, ազգակցական կապեր եւ այլն:

Շարունակելով այս վախենալու պատմությունները՝ վերապատվելի Նավոյանը խոսեց այն մասին, որ, բանական չէ «կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների մասին» օրենքը միասեռականների համար ազատ դաշտ բացեց (ինչն իրականում այդպես չէ), դեռ մի բան էլ գենդերի սահմանումը ճանապարհ բացեց «Ընտանեկան բռնության մասին» օրինագծի համար: Պարզվում է, որ հայ հասարակությանն ուղղակի կենսականորեն անհրաժեշտ այս օրենքում էլ են վերապատվելի Նավոյանն ու իր գործընկերները վտանգավոր բաներ տեսնում: Ըստ Նավոյանի՝ օրենքում կա մի կետ «ընտանիքի մի անդամի կողմից մյուսին պատճառած հոգեկան տառապանքի մասին», եւ նա պնդում է, որ այդ դրույթով երեխաներին կխլեն իրենց ընտանիքներից եւ կհանձնեն միասեռական ընտանիքներին:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031