Հունվարի 23-ին կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը՝ նվիրված Ռոմանոս Մելիքյանի 130 և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակներին:
«Այս փառատոնի ծրագիրը որոշվել է նախքան իմ՝ միության նախագահ դառնալը, իսկ եկող տարվա ծրագիրն անպայման կզտվի: Կոմպոզիտորների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը միասին կընտրեն ստեղծագործությունները, որոնք պետք է ներկայացվեն փառատոնին: Հնարավոր ամեն բան կարվի, որպեսզի ներկայացվի լավագույնը: Մեր օրերում շատ կարևոր է, որ հնչի լավ երաժշտություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը:
Նրա խոսքով՝ իրենք երիտասարդական նվագախմբի հետ նախատեսում են գարնանն անցկացնել նաև երիտասարդ կոմպոզիտորների փառատոն: «Մենք երիտասարդ շատ կոմպոզիտորներ ունենք, որոնց մի մասը արտասահմանում է: Նրանք փայլուն ներկայացնում են հայ երաժշտական դպրոցը, մեծ մրցաշարերում գրավում են առաջին, երկրորդ և միայն հազվադեպ՝ երրորդ տեղերը: Այդ երիտասարդներին մենք պետք է ճանաչենք, իմանանք՝ ովքեր են»,- ասաց Ա. Սաթյանը:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն էլ մեծ ուրախությամբ տեղեկացրեց, որ կստեղծվի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները ներկայացնող օնլայն ռադիո. «Մի քանի օրից համացանցում բոլորը կարող են օնլայն ունկնդրել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Սա մեծ ձեռքբերում է: Առաջիկա 5-6 օրերի ընթացքում այն կտեղադրվի նվագախմբի և կոմպոզիտորների միության կայքերում»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Դիրիժորը չցանկացավ նշել այն երիտասարդ կոմպոզիտորների անունները, որոնց բարձր է գնահատում. «Կատարողի գործը կատարելն է, պատմությունը պետք է սիրի կոմպոզիտորին: Մենք չենք կարող այսօր որոշել, թե ով կարող է սիրվել 5-6 տարի հետո»,- ասաց Ս. Սմբատյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ