Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Շարբաթյանի քույրը կրկին պահանջում է մարդկանց ցույց տալ սպանված եղբոր նկարը․ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 17,2013 19:51

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է մեկ տարի առաջ «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը:

Դատաքննությունը վկաների հարցաքննության փուլում է:

IMG_0066

Այսօր հարցաքննվեցին մի շարք վկաներ, այդ թվում եւ ամբաստանյալների մոտ ընկեր Արեն Վիրաբյանը:

Նա դատարանում հայտարարեց, որ նախաքննության ժամանակ քննիչին չի հայտնել մի կարեւոր տեղեկություն, եւ այժմ` վստահելով դատարանին, ցանկանում է այն բարձրաձայնել:

«Առավոտյան իմացա փողոցից, լուրերից, որ Արտակ Վերանյանն ու Արեն Վերանյանը փախուստի մեջ են գտնվում ինչ-որ փաստաբանի սպանության գործով: Ճիշտն ասած` չհավատացի, հավատալու բան էլ չկար, քանի որ ես իրանց ճանաչում եմ շատ մոտիկից ու շատ վաղուց, ասի` հնարավոր չի, կարող ա թյուրիմացություն լինի, հետո լրատվությունից ամեն ինչը պարզ եղավ, որ այդ ձեւի խոսակցություն է գնում: Ես մինչեւ առ այսօր չեմ հավատում, քանի որ տեղեկացված եմ, որ տղաները ընդհանրապես միջադեպի ժամանակ, դրանից հետո մարդ կա, որ ինձ պատմել է` ոնց ա եղել, իրա պատմածը ինձ համար ոնց որ տեսած լինի: Ես դա նախաքննության ընթացքում չեմ ասել քննիչին, որովհետեւ իմանալով, որ տղաները կապ չունեն, իրենց քրեական պատասխանատվության են ենթարկել, դրա համար էլ չեմ ուզեցել, որ այդ մարդիկ էլ քրեական պատասխանատվության ենթարկվեն: Նախ, ինձ չեն հարցրել այդ թեմայով, որ ես պատասխանեմ, երկրորդն էլ, չեմ ուզեցել, որ իրենց էլ քրեական պատասխանատվության ենթարկեն: Եթե մարդը առանց որեւիցե բանի գնում ա քրեական պատասխանատվության, ինչ տարբերություն` Արեն Վերանյանը կլինի, թե Պողոս Պողոսյանը: Բայց հիմի ասում եմ, որ մարդ կա, ինքը նկատել է, որ վերջում բոլորը դուրս գալու ժամանակ իրար հաջող են արել, ոչ մի սպանության մասին խոսք չի գնացել ընդհանրապես, մարդիկ նստել են մեքենաները ու մեկնել»,-դատարանում հայտնեց Արեն Վիրաբյանը:

Aren-Virabyan

Նա տեղեկացրեց, որ այդ տեղեկատվությունը իրեն փոխանցել է եղբայրը` Աղասի Վիրաբյանը, ով այդ օրը երկու այլ տղաների հետ գնացել է «Մուշ» ռեստորան:

«Իմ մեծ եղբայրն է ասել, ինքը հենց այդ օրը, երբ Արտակը օրվա կեսից շուտ վեր ա կացել, գնացել, մտածելով, որ գնամ, տեսնեմ ինչ կա, մեր ընկերը գնացել ա  աղջկա հարցով, տեսնեմ` լավ խաբար կա, Արկադի Փութուլյանի եւ Տիգրան Պետրոսյանի հետ գնացել ա այն պահին, որ տեսել ա, որ բոլորը իրար հաջող են անում, նստում են մեքենաները, ինքն էլ չի մոտեցել»,-հավելեց վկան:

Ի պատասխան նրա հայտնածին` տուժողի իրավահաջորդ Հասմիկ Մանուչարյանը խնդրեց հայտնել, թե այդ դեպքում ով է սպանել եղբորը եւ դատարանից պահանջեց ներկաներին ցույց տալ եղբոր նկարը:

«Հարգելի դատարան, ես պահանջում եմ` մի վայրկյանով դնել նկարը, թող այսքան մարդը տեսնի` ինչ են արել, որ չգան այստեղ հեքիաթներ պատմեն, չհասնի գործը եվրադատարան, պահանջում եմ` դրեք նկարը: Հոշոտել են, 7-8 հոգով»:

Հաջորդ դատական նիստին բացի դատակոչված վկաներից կհարցաքննվեն նաեւ Աղասի Վիրաբյանն ու նրա  երկու ընկերները:

Մանրամասները` տեսանյութերում:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031