«Երբ մեր հարևան թշնամի երկրներում քրիստոնեական որևէ հուշարձան է խաթարվում, մենք դա համարում ենք սրբապղծություն և ահազանգում ենք ողջ աշխարհին, իսկ այստեղ՝ իմ վանքի հարևանությամբ, մարդը ապօրինի կերպով ծառատունկ է կատարում, որպեսզի տարածքը դարձնի մշակելի՝ հետագայում այն որևէ անհատի վաճառելու դիտավորությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արագածոտնի մարզի Հովհաննավանքի վանահայր Տեր Եփրեմ քահանա Զարգարյանը՝ անդրադառնալով Օհանավան գյուղի բնակչուհի Սուսաննա Գաբրիելյանի կողմից եկեղեցու միջնադարյան գերեզմանոցում իրականացված ծառատունկին:
Դիտարկմանը, որ ծառատունկն ամենևին էլ վատ բան չէ, ՀՀ մշակույթի նախարարության պատմական միջավայրի պահպանության Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը պատասխանեց, որ առանց լիազոր մարմնի թույլտվության, հուշարձանների պահպանական գոտիներում չի կարելի որևէ աշխատանք իրականացնել: «Մոտ հարյուր ընկուզենի է տնկված գերեզմանոցում, որտեղ խաչքարեր, կանգուն ու կիսավեր մատուռներ կան,- նշեց նա:- Մենք չենք ասում՝ ծառատունկը վատ բան է, բայց թողնենք, որ պատմական գերեզմանոցը դառնա ընկուզենու այգի՞: Բացի այդ, այդ ծառատունկը կատարվել է ոչ թե կանաչապատման, այլ հողը ուժով վերցնելու նպատակով»:
Տեր Եփրեմ քահանա Զարգարյանն էլ հավելեց, որ եթե տիկին Սուսաննան ուզում է գյուղը բարեկարգել, թող սկսի իր սեփական հողակտորներից, որոնք անմշակ են: «Պարզապես, այդ տարածքը համեղ պատառ է նրանց համար, ովքեր կցանկանան այդտեղ առանձնատուն կառուցել,- ասում է քահանան,- և հեշտ է տարիների ընթացքում գերեզմանաքարերն այնպիսի վայր տեղափոխել, որ տարածքը տուն կառուցելու համար դառնա բացարձակ նպաստավոր»:
Քահանայի խոսքով՝ Սուսաննա Գաբրիելյանին բաժին ընկած հողակտորն ավարտվում է վանական համալիրի գերեզմանոցի մոտ, այսինքն՝ կից է վերջինիս, և որպեսզի նա ընդլայնի իր տարածքը, ծառատունկ է իրականացնում: «Տիկինն ինքն էլ է ասում, որ տարածքն ուզում է իրենով անել, ասում է, որ տարածքն իրենն է եղել, իսկ ես խլել եմ իրենից, որպեսզի այդտեղ սրճարան կառուցեմ և այլն, և այլն»,- ասաց քահանա Զարգարյանը և հավատացրեց, որ ինքն այդ տարածքի նկատմամբ որևէ հավակնություն չունի: Իսկ համապատասխան մարմիններին ահազանգել է միայն ու միայն «սրբապղծությունը կանխելու նկատառումով»:
Կարդացեք նաև
Մանուկ Մանուկյանի խոսքով՝ իրենք այս տարվա ապրիլի 17-ին զգուշացրել են Սուսաննա Գաբրիելյանին, որ երեք օրվա ընթացքում Հովհաննավանքի գերեզմանոցից հանի իր տնկած ծառերը, սակայն նա չի կատարել հանձնարարությունը: «Ստիպված մենք ենք ոստիկանության օգնությամբ ծառերը հեռացրել տարածքից, սակայն մի քանի օր առաջ դարձյալ ահազանգ ենք ստացել, որ ծառերն իրենց նախկին տեղում են: Այսինքն՝ տիկին Սուսաննան գաղտնի կերպով նորից ծառատունկ է կատարել»,- ասաց Մ. Մանուկյանը և հավելեց, որ իրենք պատրաստվում են այս հարցով դիմել մշակույթի նախարարություն, որովհետև, ըստ նրա, Սուսաննա Գաբրիելյանի հետ հնարավոր չէ «լեզու գտնել»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ