ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Արարատի մարզպետարանում, որին մասնակցում էին մարզպետ Արամայիս Գրիգորյանը, մարզպետարանի պատասխանատուներ:
Քննարկվեցին մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման, համայնքների կողմից 2014թ. բյուջեների կազմման գործընթացներին , մարզպետարանների եւ համայնքային ենթակայության հիմնարկների ֆինանսատնտեսական վիճակին, ինչպես նաեւ պետական տարբեր ծրագրերով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքին վերաբերող եւ այլ հարցեր:
Նշվեց, որ 2013թ. 11 ամիսների տվյալներով` մարզի համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 101,7 տոկոս, հողի հարկի կատարողականը` 100,7, գույքահարկինը` 100,4 տոկոս: Զեկուցվեց, որ ընթացքում են 2014թ. բյուջեների կազմման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մինչեւ դեկտեմբերի 20-ը: Փոխվարչապետն ընդգծեց ծախսերի առավելագույն արդյունավետ եւ նպատակային պլանավորման կարեւորությունը ` մարզպետարանի պատասխանատուներին միաժամանակ հորդորելով անհրաժեշտության դեպքում մեթոդական աջակցություն ցուցաբերել համայնքներին:
Քննարկվեցին նաեւ մարզպետարանների եւ համայնքային ենթակայության հիմնարկների գործունեության արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր: Մասնավորապես անդրադարձ եղավ առողջապահական եւ կրթական հաստատությունների ֆինանսատնտեսական գործունեությանը:
Կարդացեք նաև
Խորհրդակցությանը տեղեկություններ ներկայացվեցին նաեւ հողօգտագործողներին մատչելի գնով ազոտական պարարտանյութի, դիզվառելիքի եւ ցորենի սերմացուի հատկացման ծրագրերի իրականացման ընթացքի մասին: Նշվեց, որ մարզի հողօգտագործողներին հատկացրած պարարտանյութի եւ դիզվառելիքի դիմաց վճարումներն ամբողջությամբ կատարված են, ցորենի սերմացուի դիմաց հավաքագրումների գործընթացը շարունակվում է: Մթերված պտուղ-բանջարեղենի դիմաց վճարումները եւս հիմնականում կատարված են:
Ներկայացվեց նաեւ մարզի համայնքներում տեղեկատվայնացման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը: Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ է տեղադրված մարզի 97 համայնքներից 81-ում, որոնցից 78-ը նաեւ էլեկտրոնային փաստաթղթաշարժի իրականացման հնարավորություն ունի:
Փոխվարչապետը համայնքներում աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարեւորեց էլեկտրոնային համակարգերի ներդրումն ու օգտագործումը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին