ՀՀ ԳԱԱ ցուրտ դահլիճում այսօր բավականին լուրջ գիտնականներ էին հավաքվել՝ քննարկելու քրիստոնեական արժեհամակարգի նահանջի հարցը: «Քրիստոնեական արժեհամակարգը՝ որպես քաղաքակրթական ընտրություն եւ արդի մարտահրավեր» թեմայով կայացած համաժողովը կազմակերպել էր «Արեգ» գիտակրթական կենտրոնը, որը վերջին շրջանում «մասնագիտացել է» «հակագենդերային» գործունեության մեջ:
Հիշեցնենք, որ այս կենտրոնը առաջիններից էր, որ աղմուկ բարձրացրեց «Կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ, պնդելով, որ եթե սահմանվում է գենդերը՝ որպես մարդու սոցիալական, ձեռքբերով սեռ, ապա դա հող է նախապատրաստում առաջիկայում միասեռական ամուսնությունները գրանցելու համար:
Համաժողովի ընթացքում ելույթ ունեցածներից մեկը՝ ՀՀ Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հանձնաժողովի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը, նկատեց, որ «Հայաստանը հիմա կրում է գլոբալիզացիայի հետ կապված բազմաթիվ ճնշումներ, որոնք չեն ճանաչում ազգային, կրոնական, մարդկային, ընտանեկան, ավանդական արժեքներ, եւ այդ ճնշումները մեզ վրա են գալիս բոլոր կողմերից՝ համացանցի, ԶԼՄ-ների եւ այլ միջոցներով»: Ու այս ամենից, ըստ պարոն Սաֆրաստյանի, հարկավոր է պաշտպանվել, որպեսզի կարողանանք «պահել մեր տեսակը այս համամարդկային աղետի առջեւ, որն ունի կյանքի եւ մահու նշանակություն»: Այլապես, եթե չկարողանանք պահել մեր կրոնը, մենք կդադարենք լինել հայ:
Որպես պայքարի միջոց, պարոն Սաֆրաստյանն առաջարկում է պահպանողական գաղափարախոսությունը, որը «հաջողությամբ դիմակայել է ազատական, լիբերալ, սոցիալիստական գաղափարախոսություններին, եւ ընդգրկում է իր մեջ ազգային, ավանդական, քրիստոնեական համակարգերը»:
Կարդացեք նաև
Ըստ պարոն Սաֆրաստյանի՝ ամբողջ աշխարհում պահպանողական գաղափարախոսությունն է, որ պայքար է տանում գլոբալիզացիայի դեմ, եւ միավորվելով՝ բոլոր պահպանողականները կկարողանան ինչ-որ կերպ դիմակայել այն ամենին: Նա նշեց, որ մեր քաղաքական համակարգում բաց է մնացել այս դաշտը, եւ քաղաքական ուժերը մտածելու տեղիք ունեն՝ պահպանողական գաղափարախոսությունը որդեգրելու համար:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ