Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային վարչության տնօրեն Քլաուս Գերհաուզերին: Ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ուրախ ենք, որ Ասիական զարգացման բանկի հետ մեր հարաբերությունները տարեցտարի խորանում են, ընդլայնվում են նաև փոխգործակցության ոլորտները»: Վարչապետի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է շարունակել երկկողմ համագործակցությունը՝ իրականացնելով համատեղ տարբեր ծրագրեր:
Քլաուս Գերհաուզերը ևս գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության ընթացքից և նշել, որ վերջին 6-7 տարիների ընթացքում մեր երկրի տարբեր բնագավառներում ներդրվել է 750 մլն դոլար: Տեղեկացվել է, որ այժմ ՀՀ կառավարության հետ քննարկվում է գործընկերության հաջորդ հինգ տարիների ռազմավարությունը, որով ծրագրեր կիրականացվեն երկրի քաղաքային զարգացման, ջրամատակարարման, էներգետիկ անվտանգության ոլորտներում: Քլաուս Գերհաուզերը նշել է, որ ԱԶԲ-ն, բացի ֆինանսավորումից, պատրաստ է ցուցաբերել նաև տեխնիկական օժանդակություն:
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին, գյուղատնտեսության բնագավառում հնարավոր համագործակցությանը և այլ հարցերի:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև