Վիլնյուսի գագաթաժողովից հետո Արևելյան Գործընկերության շրջանակներում ստեղծվել է նոր իրավիճակ: Եթե նախկինում գործընկերության երկրները, բացառությամբ Ադրբեջանի և Բելառուսի, շատ թե քիչ համընթաց էին քայլում եվրաինտեգրման ճանապարհին, այժմ կարծես ձևավորվել է հստակ առաջատարների խումբ` ի դեմս Վրաստանի և Մոլդովայի: Առայժմ անորոշ է ՈՒկրաինայի դիրքորոշումը, այն հավանաբար կհստակեցվի, երբ կավարտվի ներկայիս քաղաքական ճգնաժամն այդ երկրում: Իսկ Հայաստանն այլևս, կարծես թե, դասվում է այն երկրների թվին, որոնք շահագրգռված չեն եվրաինտեգրման խորացմամբ և իրենց ապագան տեսնում են այլ ձևաչափերի մեջ:
Համենայն դեպս, այդ կարծիքին է լիտվացի քաղաքագետ, Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Մարիուս Լաուրինավիչիուսը: Նա գտնում է, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանն ինքնըստինքյան նշանակում է, որ Հայաստանի առջև այլևս փակ է եվրաինտեգրման ճանապարհը, ոչ թե այն պատճառով, որ ԵՄ-ն Հայաստանից “նեղացել է”, այլ որովհետև ԵՄ հետ Հայաստանի ինտեգրումը ենթադրում է օրենսդրության ներդաշնակեցում, ինչն անհնարին է Մաքսային միությանն անդամակցելու պարագայում: Այնուամենայնիվ, կարծում է Լաուրինավիչիուսը, դա չի նշանակում, որ ԵՄ-Հայաստան համագործակցությունը կդադարեցվի, և Հայաստանը ստիպված կլինի դուրս գալ “Արևելյան Գործընկերության” ծրագրից. պարզապես պետք է գտնվի համագործակցության նոր ձևաչափ: Ինչ վերաբերում է Ուկրաինային, վերլուծաբանի կարծիքով, ասոցացման պայմանագրի ստորագրումն ընդամենը ժամանակի հարց է:
Երևանի մամուլի ակումբի վիդեո բլոգ