Երեկ, երբ հրապարակվեց ՄԼՀՖ-ի հարցման արդյունքներով 2013 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակը, ուշ երեկոյան Aravot.am-ը կապ հաստատեց Կրասնոդար եւ հարցազրույց անցկացրեց ընթացիկ մրցաշրջանի Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչված ազատ ոճային ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, համաշխարհային ուսանողական խաղերի արծաթե մեդալակիր Դավիթ Սաֆարյանի հետ: Նա մարզումից հետո նոր էր վերադարձել տուն:
– Դավիթ, շնորհավորում ենք: Հայաստանի մարզական լրագրողները քեզ ճանաչել են Հայաստանի 2013 թվականի լավագույն մարզիկ:
– Շնորհակալ եմ: Արդեն տեղեկացրել են: Շատ ուրախ եմ: Անցած տարի տասնյակում տեղ չէի զբաղեցրել, թեեւ դրա շանսը կար: Հպարտ եմ, որ այս տարի ոչ միայն մտել եմ տասնյակ, այլեւ ճանաչվել լավագույնն իմ երկրում: Դա ամեն մի մարզիկի երազանքն է: Ես բացառություն չեմ: Շնորհակալ եմ հայկական սպորտը լուսաբանող մարզական լրագրողներին: Բայց ոչ նրա համար, որ ինձ են շատ ձայն տվել, այլ պատասխանատվության զգացումով քվեարկելու:
– Գիտե՞ս, թե ովքեր են տասնյակում տեղ գտել:
Կարդացեք նաև
– Այո: Ցուցակն արդեն տեսել եմ: Բոլորն էլ ուժեղ մարզիկներ են: Ուզում եմ հատկապես շնորհավորել մեր հունահռոմեական ոճայիններին, որոնք տասնյակում մեծամասնություն են կազմում: Նրանք այս տարի շատ բարձր արդյունքներ ցույց տվեցին: Նրանց հավաքականն իսկապես շատ ուժեղ է: Տասնյակն, ընդհանուր առմամբ, ուժեղ ու արժանի մարզիկներով է համալրված: Իսկ դա ցույց է տալիս, որ հայկական սպորտը վերելքի ճանապարհին է:
– Այդ վերելքը քո կարծիքով ինչո՞վ է պայմանավորված:
– Վերջին տարիներին սպորտի նկատմամբ մեծ ուշադրությունով: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանի շնորհիվ Հայաստանի բոլոր տարիքային խմբերի հավաքական թիմերը մասնակցում են բոլոր հավաքներին եւ մրցումներին, որոնք անհրաժեշտ են ըմբիշներին: Դրա համար շնորհակալ եմ պարոն Կարապետյանից: Հիմա Հայաստանում մարզվելու եւ ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու շատ լավ պայմաններ կան: Մենք հավաքներ անցկացնում ենք նաեւ ուրիշ երկրներում: Հավատացեք, որ ոչ բոլորում կան այնպիսի պայմաններ, ինչպես Հայաստանում:
Շնորհակալ եմ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանից` բոլոր մարզաձեւերի ներկայացուցիչների հանդեպ ցուցաբերվող մեծ ուշադրության եւ մարզիկներին օգտակար խորհուրդներ տալու համար: Դա նույնպես շատ կարեւոր է: Երբ ուշ գիշեր վերադառնում էինք աշխարհի առաջնությունից, ինձ համար անակնկալ էր, որ այդ ուշ ժամին «Զվարթնոց» օդանավակայանում մեզ դիմավորեց Գագիկ Ծառուկյանը: Դրանից ավելի ես ոգեւորվում:
– Նախորդ անգամ ասացիր, որ աշխարհի առաջնությունից հետո հանգստանում էիր, բայց արդեն մարզումներդ վերսկսել ես:
– Այո: Մարզվում եմ ամեն օր: Եկող տարի նույնպես կարեւոր մրցումներ կան: Պիտի պատրաստ լինեմ: Չեմպիոնի դեմ միշտ էլ բոլորը տրամադրված են գոտեմարտում:
– Ե՞րբ ես գալու Հայաստան:
– Հավանաբար, մինչեւ դեկտեմբերի 25-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ