Լրահոս
Օրվա լրահոսը

Լյովա Խաչատրյանը հեգնեց Արմեն Մովսիսյանին. «Լրագրողները սխալ են թարգմանել» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 17,2013 16:16

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպանի հետ: Այսօր այդ մասին նա հայտարարեց գազի հարցով խորհրդարանական լսումների ժամանակ` արձագանքելով պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանին գազ մատակարարելու վերաբերյալ Իրանի դեսպանի արած վերջին հայտարարություններին:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Արմեն Մովսիսյանն ասաց, որ իրանական գազը թանկ է`չորս հարյուր դոլար, ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել էր՝ իր երկրի հետ Հայաստանը գազ գնելու հարցով բանակցություններ չի վարել ու չէր բացառել, որ բանակցությունների արդյունքում հնարավոր է Հայաստանին հարյուր դոլարով գազ վաճառելու հնարավորությունը:

Մովսիսյանն ասաց, որ վերջին անգամ իրանցի պաշտոնյաներն իրենց 1000 խմ-ի համար 440 դոլար գին են ասել: Իսկ դեսպանը, նրա խոսքով, համեմատաբար նոր մարդ է, շատ իրադարձություններից տեղյակ չէ: Դեսպանի հետ իր հանդիպման այլ մանրամասները, նախարարը չգաղտնազերծեց:

Փոխարենը ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը հեգնեց. «Հա, սխալ թարգմանություն է եղել: Լրագրողները սխալ են թարգմանել»:

Հակադարձելով պատգամավորների դիտարկումներին էլ, նախարարը նշեց, որ ռուսական կողմի հետ գազի պայմանագիրը հավասարակշռված պայմանագիր է. «Մենք չպետք է մոռանանք մի հանգամանք, որ մենք սեփական էներգակիր չունեցող երկիր ենք և որ ամբողջովին կախված ենք ներկրումներից, այնպիսի պայմաններ պետք է ստեղծենք, որ երկարաժամկետ հատվածի համար կարողանանք անխափան ներկրումներ անել: Գազի գինը չի փոխվելու, ես չգիտեմ՝ ով է ասել, որ էժանանալու է, ըտենց բան ոչ մեկը չի ասել: էս որ անում եք՝ կառավարությունն ում մասին է մտածում, հետաքրքիր մի բան է ստեղծված, որ իբր կառավարությունն աշխատում է ոչ թե ժողովրդի համար, այլ ինչ-որ ուրիշ բանի համար: Ես սա չեմ ընդունում: Մենք էս համաձայնագրերով մեկ միլիարդի բեռ ենք հանել ժողովրդի վրայից, ես դա համարում եմ հաջողություն: Եթե կարողանանք խելոք լինել, ապա գոնե հետագա տարիների համար պետք է այս ձեռք բերվածը չկորցնենք»:

Լսումների ավարտից հետո էլ, սակայն, պատգամավորների եւ նախարարի միջեւ հարցուպատասխանը դեռ երկար շարունակվեց: Խորհրդարանի միջանցքից այն տեղափոխվեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանի աշխատասենյակ: Լսումների ավարտից հետո մեկ ժամից ավելի դեռ նախարարը եւ ընդդիմադիր պատգամավորները ՀՀԿ-ական պատգամավորի աշխատասենյակում էին:

Արտալսումային բանավեճի մանրամասները` տեսանյութում

Իրենց ելույթներում ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանն ու Արտակ Զաքարյանը պաշտպանեցին կառավարությանը ընդդիմադիրների այն մեղադրանքներից, որ գազի գնի թանկացման գործարքը գաղտնի է եղել: Նրանք հիշեցրեցին վարվող բանակցությունների առիթով արված տարբեր հայտարարություններ:

Սամվել Ֆարմանյանն իր ելույթում նկատեց, որ տեղին էին իր գործընկերների հարցադրումներում մտահոգությունները որ ՀՀ-ն կախման մեջ է ընկնում իր թեկուզ ռազմավարական գործընկերոջից: Առաջարկեց, որ կառավարությունը մտածի գազի այլընտրանքային միջոցների որոնման մասին: Ասաց նաեւ, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որ գազալցակայաններ ունեցող ընկերությունները գերշահույթ են ստանում`ինչո՞ւ այդ մասին չի խոսվում: Ըստ նրա, դա էլ հետաքննության առարկա է:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031