«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով օդանավակայանի կլոր մասնաշենքի շուրջ ծագած խնդիրներին՝ ասաց, որ օդանավակայանի կլոր մասնաշենքի հետ կապված իրենց դիրքորոշումը հայտնել են մեկ տարի առաջ ու այն չի փոխվել. «Մեր ընկերությունը մասնագիտացված է օդանավակայանների կառավարման մեջ եւ մենք ունենք 40-ից ավելի օդանավակայան ու մեր կարծիքը եւ կառավարությանը, եւ հանրությանը ներկայացրել ենք, որը հետեւյալն է. Օդանավակայանի տարածքում պետք է լինեն շինություններ, որոնք ֆունկցիոնալ առումով կծառայեն օդանավակայանի կարիքներին: Հին, կլոր մասնաշենքը այս պահին ու դեռեւս 10 տարի առաջ, երբ որոշվեց նոր շենք կառուցել, չէր համապատասխանում այն չափանիշներին, որոնք անհրաժեշտ են ժամանակակից ծառայություն մատուցելու համար: Հետեւաբար այս շենքը, որը նախագծվել է 40 տարի առաջ, այլեւս չի կարող օգտագործվել»:
Դիտարկմանը, թե օդանավակայանի կլոր մասնաշենքն արդեն խորհրդանիշի դեր ունի, եւ գուցե հենց դրա համար արժե այն պահպանել, Անդրանիկ Շխյանը պատասխանեց. «Մենք օդանավակայանի կառավարիչ ենք, այդ ոլորտում ենք մասնագիտացված, մենք ճարտարապետների ու մշակութային կարծիք չենք հայտնում, մեր գործն է հայտնել կառավարությանը, որ էֆեկտիվ օդանավակայան ունենալու համար այդ շենքը խոչընդոտ է հանդիսանում նաեւ որակյալ սպասարկում իրականացնելու հարցում եւ առաջացնում պատասխանատվության խնդիր մեր ընկերության համար: Իհարկե մենք դրական կարծիք ունենք շենքի արտաքին տեսքի մասին, բայց դա բացարձակ կապ չունի օդանավակայանի կառավարման հետ»:
Անդրանիկ Շխյանը նաեւ հավելեց, որ օդանավակայանի կլոր մասնաշենքը, համաձայն սեյսմիկ պաշտպանության վերջին եզրակացության` ունի խնդիրներ եւ նրա որոշ հանգույցներ ապամոնտաժման են ենթարկվում պարտադիր կերպով ու դա եւս նշված է զեկույցում, համարվելով վտանգավոր: Հետեւաբար`«Այս պատասխանատվությունը մեր ընկերությունը չի ուզում իր վրա վերցնել»,- ավելացրեց նա:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ