Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում ավարտվել են վթարային շքապատշգամբների հիմնանորոգման 2013 թվականի համար նախատեսված աշխատանքները:
Այս տարի առաջնահերթության կարգով ամբողջությամբ վերակառուցվել և ամրացվել է 35 շենքի 76 պատշգամբ: Դրանց մի մասը, նախապես մշակված նախագծի համաձայն, վերականգնվել է մետաղական կոնստրուկցիաներով, մի մասը՝ քարով:
Հիշեցնենք, որ շքապատշգամբները բնակիչների սեփականությունն են և դրանց հետ կապված յուրաքանչյուր, այդ թվում պատշգամբների խնդիրը, պետք է լուծի սեփականատերը և համատիրությունը: Սակայն, հաշվի առնելով բնակիչների անվտանգության ապահովումը, քաղաքապետի հանձնարարությամբ ծրագիրը կյանքի է կոչվել Երևանի քաղաքապետարանի ծրագրերի շրջանակում:
Ծրագիրը լինելու է շարունակական: 2014 թվականին նախատեսվում է վերականգնել ևս շուրջ 200 պատշգամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն