«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» հ/կ–ի հիմնադրմանը նվիրված արարողությունը տեղի ունեցավ այսօր « Անի Պլազա» հյուրանոցի «Անի» դահլիճում։ Իր ողջույնի խոսքում ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը նշեց, որ իրենք 2011 թվականից սկսած՝ ամեն տարի այս օրը համախմբվում են քննարկելու տարվա ընթացքում իրենց ունեցած ձեռքբերումները։
Ըստ Գ. Գրիգորյանի, այս տարվա մեծ ձեռքբերումներից մեկը կարելի է համարել «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» հ/կ-ի ստեղծումը, որի շրջանակներում այսօր տեղի կունենա վերարտադրողական առողջության և ուրոլոգիայի ակտուալ հարցերին նվիրված գիտական կոնֆերանս։
Ասոցիացիայի անդամ Սարգիս Աբովյանը իր ողջույնի խոսքում նշեց, որ երիտասարդ բժիշկների շրջանում կան շատ նախաձեռնող մասնագետներ, և իրենք երկար ժամանակ է` փորձում էին ստեղծել մի հարթակ, որտեղ այդ մասնագետները կմիավորվեն։ Ըստ նրա, այս ասոցիացիան հենց այդ հարթակն է։
Գ. Գրիգորյանը Aravot.am–ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ասոցիացիան նաև կփորձի օգնել երիտասարդ բժիշկներին աշխատանք գտնելու հարցում։ Նա ավելացրեց, որ այդպիսի ընդգծված նպատակ իրենք չեն հետապնդում, սակայն իրենց ուժերի չափով կփորձեն օգնել երիտասարդ բժիշկներին։
«Մարդու պտղաբերության կենտրոն»-ի մանկաբարձ- գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ Ռուզաննա Ճզմաչյանը Aravot.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մեր երկրում կանանց անպտղությունը կազմում է 15% -18% , ինչը, ըստ նրա, մեր փոքրաթիվ բնակչության համար մեծ թիվ է։ Բայց նա լավատեսական է համարում այն, որ այսօր շատ են բացվում վերարտադրողական առողջության հարցերով զբաղվող կենտրոններ, որտեղ նորագույն մեթոդներով արտամարմնային բեղմնավորում է կատարվում, և արվում է ամեն ինչ՝ դեմոգրաֆիկ աճին նպաստելու համար։
Զառա ԱՍԿԱՐՅԱՆ