Այսօր «Մեդիա կենտրոնում» «Հանրային լրագրության ակումբ» հ/կ նախագահ, «Հեքըթոն(ՅԱՆ)» նախագծի համակազմակերպիչ Սեդա Մուրադյանը, «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն» Հայաստանի տնօրեն Եվա Հյուսյանը, «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը եւ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ ադմինիստրատոր Գայանե Ստեփանյանը խոսեցին «Հեքըթոն(ՅԱՆ) Թռիչք 2013» մրցույթի մասին, որի մեկնարկը կտրվի դեկտեմբերի 21-22-ը` օդանավակայանում:
Ներկայացնելով մրցույթի վերաբերյալ մանրամասներ՝ Սեդա Մուրադյանն ասաց, որ նորարար մտածողության մեջ թռիչքի վերջնակետը կարող է լինել ամբողջ աշխարհը: Ըստ նրա`« Տեխնոլոգիաները, որոնցով առաջնորդվում է «Հեքըթոնը», սահմաններ չունեն: Լավ թիմը կարող է այդ թռիչքը իրականացնել աշխարհի շուրջ: Կոչ եմ անում «Հեքըթոն(ՅԱՆ)»-ի մասնակիցներն իրենց ճամպրուկները լցնեն գաղափարներով եւ դեկտեմբերի 21-22-ին գալ օդանավակայան, բայց ոչ թե մեկնելու, այլ իրենց գաղափարներն աշխարհին ներկայացնելու»:
Սեդա Մուրադյանը նաեւ նշեց, որ նախորդ տարիների մի շարք գաղափարներ, որոնք չնայած չեն հաղթել մրցույթում, սակայն, արժանացել են մի շարք միջազգային կազմակերպությունների ուշադրությանը ու արժանացել դրամաշնորհների:
Գրիգոր Բարսեղյանի խոսքով էլ` մրցույթի մասնակիցների համար ամենամեծ մրցանակը տեսանելի լինելու հնարավորությունն է. «Ամենատաղանդավոր մասնակիցներին անմիջապես աշխատանքի առաջարկներ են եղել: Սա երիտասարդների համար հնարավորություն է՝ հանրությանը ներկայացնել իրենց գաղափարները»:
Կարդացեք նաև
Անդրանիկ Շխյանի փոխանցմամբ`«Ավիացիան ինքնին տեղեկատվական տեխնոլոգիաների հետ առնչություն ունեցող ոլորտ է: Հետեւաբար, մեր օդանավակայանը իր չափանիշներով, իր բոլոր հանգույցներով պատրաստ է հյուրընկալել այդ եւ հետագայում նմանատիպ միջոցառումները»:
Եվա Հյուսյանն էլ ասաց, որ հաճախ ունեցել են դեպքեր, երբ երիտասարդները, «Հեքըթոնից» ոգեշնչված, իրենց ընկերությունն են ստեղծել: Նա նաեւ հայտնեց, որ «Հեքըթոնում» ծնված գաղափարներից կարող է առանձնացնել forcar.am վարորդական կայքը. «Այսօր այն դարձել է վարորդների համար սոցիալական կայք, որտեղ վարորդը կարող է ստանալ իրեն հետաքրքրող ցանկացած տեղեկություն»:
Բանախոսները տեղեկացրին, որ մրցույթի ժյուրին առաջնորդվելու է երեք սկզբունքով՝ գաղափարի օրիգինալությամբ ու թարմությամբ, ապա դրա տեխնիկական իրականացմամբ եւ բիզնես մոդելով, այսինքն, թե թիմերը իրենց պրոդուկտը ինչպես պետք է առաջարկեն շուկայում:
Գրիգոր Բարսեղյանը գտնում է, որ Հայաստանյան IT-ն տարածաշրջանում առաջատար է, բայց խնդիրներ կան ոլորտում՝ հատկապես կադրային, սեփական պրոդուկտների ծառայությունները ստեղծելու եւ մատուցելու հարցում, քանի որ առկա համակարգն ավելի շատ ուղղված է արտասահմանյան երկրների պատվերները կատարելուն:
Գայանե Ստեփանյանն էլ ավելացրեց, որ մրցույթի առաջարկը ստանալուց ոգեւորվել են: Ըստ նրա` մասնակիցներին տրամադրվելու է հարմարավետ տարածք, գերհզոր Wi-Fi կապ, ինչն էլ խթան կհանդիսանա, որ իրենց միտքը լավագույնս ներկայացնեն:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ