«Դիալոգ Կոնցեռն» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Մանե Հակոբյանն այսօր ՀՀ փաստաբանների պալատում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձան ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, ՀԱԿ ներկայացված Մ.Հակոբյանի հեղինակային ծրագրի, դրա հետ կապված դատական գործընթացների մասին, ինչպես նաեւ դեկտեմբերի 4-ին փաստաբանական գրասենյակի հասցեին հնչած ֆեյսբուքյան վիրավորանքներին:
Սեդրակ Ասատրյանը տեղեկացրեց, որ Հ. Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «փոխնախարարներին պատկանող գրասենյակն է Մանե Հակոբյանին փաստաբանական ծառայություններ մատուցում»: Նա հայտնեց, որ 70 տոկոս բաժնետերն ինքն է, 25 տոկոսը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանինն է, մնացածն էլ՝ մյուսներինը:
«Արամ Օրբելյանը կառավարմանը չի մասնակցում, դիվիդենդ է ստանում, լավ է անում»,-ասաց Ս.Ասատրյանը:
Փաստաբանի տեղեկացմամբ, ֆեյսբուքյան գրառումները նոտարական վավերացմամբ են ներկայացվել դատարան:
Կարդացեք նաև
Ի դեպ, ըստ այդ գրառումների. «Համաձայն այդ որոշման (նկատի ունի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը-Ռ.Մ.)՝ ես գողացել եմ ոմն Մանյա Հակոբյանի գիտության ծրագիրը:
Այս դատը եւ վերաքննիչ դատարանի գործելակերպն, ըստ իս, անցնում են նույնիսկ այս կոռումպացված երկրի համար սահմանված այլանդակ նորմերը»:
Հրանտ Բագրատյանին դատարան կանչելու իր միջնորդությունը, ըստ Սեդրակ Ասատրյանի, մերժվել է, հավանաբար, նրա կարգավիճակի հետ կապված: Մինչդեռ, փաստաբանի կարծիքով, նա պետք է դատարան գալով մի շարք հարցերի պատասխաներ. մասնավորապես, այն հարցին, թե մինչ Մանե Հակոբյանի ծրագիրը, ինքն այն ուղարկե՞լ է Ուկրաինա:
Մանե Հակոբյանի ներկայացուցիչը տեղեկացրեց եւ լրագրողներին տրամադրեց նաեւ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի 2012 թ. հունվարի 23-ի գրությունը. «Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից ստացված տեղեկության համաձայն, Ձեր գրությունում հիշատակված ծրագիրը Ուկրաինայի կառավարությանը չի փոխանցվել»:
Փաստաբանական ծառայությունը խնդրել էր ՀՀ նախկին վարչապետի կողմից արված հայտարարության հետ կապված (2011թ.նոյեմբերի 17-ի) աջակցել, պատասխանելով, թե վերջին երկու տարում Ուկրաինայի կառավարությունը ստացե՞լ է գիտության ոլորտի բարեփոխմանը վերաբերող որեւէ ծրագիր, եթե այո, ապա ինչպես ծանոթանալ այդ տեղեկատվությանը:
Մանե Հակոբյանն իր ծրագիրը համարում է գիտության թռիչքային բարեփոխումների ծրագիր, նա ասաց, որ այն գրանցվել է «Հայհեղինակ» հասարակական կազմակերպությունում: Այն անվանված էր «ՀՀ գիտության եւ կրթության ոլորտների զարգացման առաջին ծրագիրը»: Ըստ հեղինակի, այլոց իրավունքները չեն խախտվել: Իսկ այս դատն առաջին դատն է, երբ հեղինակային իրավունք է պաշտպանվում եւ շահում է հեղինակը:
Ըստ Մ.Հակոբյանի՝ ՀԱԿ գիտության կոորդինատոր Սամվել Կարաբեկյանի կողմից է արվել առաջին գրագողությունը, սակայն նա նրան դատի չի տվել, քանի որ ծրագրի տակ գրված է եղել Հրանտ Բագրատյանի եւ Հարություն Կարապետյանի անունները.«Թող զգուշանա», հորդորեց Մ.Հակոբյանը: Դատարան հրավիրված երեք վկաները հաստատել են, որ Մ.Հակոբյանն է 2009թ.-ին ներկայացրել իր ծրագիրը:
«Հաղթել ենք առաջին ատյանի դատարանում: Մաքուր արված գործ է: Չպետք է ուղղակի թաքնվել ընդդիմադիրի քողի տակ ու ցեխ շպրտել, արդար չէ»,-ասաց Ս.Ասատրյանը:
Ի դեպ, Հրանտ Բագրատյանն ինքն է ծրագիրն ուղարկել Խաչիկ Գեւորգյանի ֆեյսբուքյան էջ՝ «կախելու». «Խ.Գեւորգյանն է կախել իրենց էջում, ինձնից ինչ եք ուզում: Իհարկե, ես նրան այդ ծրագիրն ուղարկել եմ օգտագործելու, չեմ հրաժարվում, բայց մեծ հաշվով, ես ոչինչ չեմ հրապարակել: Անընդունելի է, զավեշտ է, ուրիշի արած գործողության դեմ դատարան հրավիրել: Ես ի սկզբանե չեմ կարող պատասխանող կողմ լինել»: Ս.Ասատրյանը հարցնում է, բա եթե չեք ընդունել սա, ապա ինչու եք հակընդդեմ հայց ներկայացրել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ