Խորհրդարանում մեկնարկած «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրերի վերաբերյալ լսումների ժամանակ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին հարցրեց, թե ինչո՞ւ է կառավարությունն Ազգային ժողովից թաքուն պահել 300 մլն դոլար պարտքի մասին տեղեկատվությունը:
Արմեն Մովսիսյանը պատասխանեց. «Քանի որ որոշում կայացվեց, որ շարունակվում են բանակցությունները, գործում էր 180 դոլար, մինչև տեսնեինք, թե ինչ արդյունք են տալիս բանակցությունները, ԱԺ ներկայացնելու խնդիր չկար: Կարիք կար ԱԺ ներկայացնելու, եթե կլիներ թվի մեծություն, բայց այդ ժամանակ թվերը պարզ չէին, խնդիրը նոր է առաջացել: Մենք ասացինք, որ այդ գինը մեզ համար ընդունելի չէ, հարգելի գազ վաճառողներ, մենք չէինք կարող այդ թվերը հրապարակել ու դարձնել հանրության սեփականությունը: Մենք չենք կարծում, որ այստեղ որևէ հանցագործություն կամ օրենքի խախտում է եղել: Այո, մենք շատ լավ գիտեինք, որ ինչ-որ բան պետք է առաջանար, թե ինչ պետք է առաջանար, մինչև բանակցությունների ավարտը ոչ ոք չէր կարող ասել: Առաջացավ 300 մլն դոլար պարտքը»:
Նախարարն ասաց, որ կառավարությունը համառորեն պնդում էր, թե գազի գինը չպետք է բարձրանար, քանի որ չգիտեր, որ այդպես է լինելու:
Արմեն Մովսիսյանը նաև հայտարարեց, որ 20 տոկոս բաժնետոմսերը էժան գնով չեն վաճառվել ռուսական կողմին: «Երբ ռուսական «Գազպրոմ» ընկերությանը որոշվեց վաճառել 20 տոկոսը, նախնական գները ցույց տվեցին, որ ավելի ցածր են գնահատում: Ռուսական կողմի հետ բանակցելու գործընթացում կանգնեցինք 155 մլն դոլարի վրա, որը բարձր գին էր, քան մեզ ասում էին միջազգային էքսպերտները»:
Կարդացեք նաև
Պատգամավորին ակնհայտորեն չգոհացրեց նախարարի պատասխանը: Վերջինս նկատեց, որ մինչեւ բանակցությունների ավարտը կառավարությունը հսկայական պարտք էր կուտակել. «Մոտավորապես բյուջեի ծավալին հասնող հինգ տոկոսի չափի ծախս եք ձեր վրա վերցրել: Բյուջեի մասին օրենքի`Սահմանադրությամբ նախատեսված իմաստն այն է, որ մենք ձեզ լիազորում ենք շատ կոնկրետ ծախսեր: Դուք չեք կարող ավելի մեծ ծախս կատարել կամ մեծ ծախս ձեզ վրա վերցնել, քան մենք ձեզ լիազորել ենք: Միգուցե մենք չէինք ուզում այդ ծախսի տակ մտնել, հանրային սեփականությամբ վճարել այդ պարտքերի համար, որ կառավարությունն ինքնագլուխ իր վրա է վերցրել: Մենք ինչի՞ հիմա պիտի պատասխան տանք ԱԺ-ի կողմից չարտոնված ձեր գործողությունների համար»:
Նախարարն ասաց, որ այդ ընթացքում բյուջեն իր վրա որեւէ պարտավորություն կամ ծախս չի վերցրել. «Այդ ընթացքում բյուջեի, կառավարության վրա ձեւակերպված պարտավորություն չի եղել: Որտե՞ղ է երևում ձեւակերպված պարտավորություն բյուջեի վրա: Հիմա է երևում, հիմա էլ ներկայացրել ենք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ