Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մենք՝ ազատամարտիկներս, մեկ սովորություն ունենք՝ աղոթում ենք Շուշիում»

Դեկտեմբեր 17,2013 13:34

Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը՝ համազգային ժողովի մասին

Ազատության հրապարակում ամիսներ տեւած պայքարից հետո՝ նստացույց, հացադուլ, հանրահավաքներ, Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը հայտարարություն տարածեց, որ հրապարակային պայքարը ժամանակավորապես առկախում են: Ազատամարտիկների առաջիկա հավաքը կկայանա եկող տարի՝ փետրվարին:

«Առավոտի» հարցին՝ ի՞նչ է նախատեսվում 2014-ի փետրվարին, փետրվարյան հատկապես ո՞ր օրը եւ ինչպե՞ս են պատկերացնում ազատամարտիկները իշխանություն վերցնելու գործընթացը, Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամ, լրագրող Սուրեն Սարգսյանն ասաց, որ փետրվարին նախատեսվում է անցկացնել համաժողովրդական հավաք, որի օրը լրացուցիչ կծանուցեն. «Հայ ժողովրդին կոչ ենք անում, որ այդ օրը լինեն Ազատության հրապարակում: Այդ օրը կորոշենք՝ ինչպես ենք ուզում մենք ապրել: Այդ օրը մենք հարցեր ենք բարձրացնելու, որոնց պատասխաններն իշխանությունը պարտավոր կլինի տալ:

Մասնավորապես՝ ինչպե՞ս է լինում, որ Հայաստանում անընդհատ ընտրությունները կեղծվում են, ինչպե՞ս է լինում, որ Հայաստանի հանքերն անխնա շահագործվում են եւ Հայաստանը դրանից անգամ կոպեկների օգուտ չի ստանում, ինչպե՞ս է լինում, որ Լիսկայի տղան մարդ է սպանում եւ ազատության մեջ է, ինչպե՞ս է լինում, որ «տամոժնի Գագոն» (ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան- Ն. Գ.) հարյուրավոր միլիոններ ունի եւ պետական պաշտոնյա է: Այդ ամենի պատասխանները պիտի պահանջենք այս իշխանությունից: Եթե ժողովուրդը որոշի, որ իշխանությունը պիտի գնա եւ գնալու ենք նոր ընտրությունների, ուրեմն պիտի գնանք նոր ընտրությունների: Հենց այնտեղ՝ հրապարակում, ազգովի որոշելու ենք եւ իրականացնելու»:

Մինչեւ փետրվար ազատամարտիկները շրջայցեր կկատարեն հանրապետությունում, հատկապես գյուղական եւ հատկապես սահմանամերձ բնակավայրերում կլինեն, տեղերում կհանդիպեն իրենց մարտական ընկերների, տեղի բնակչության հետ: Մինչ այժմ կատարած շրջայցերից մեր զրուցակիցը մի եզրահանգում ունի. «Գյուղերն ավերված են: Այսօր մենք ունենք մեկ առաջին դասարանցիով սահմանամերձ գյուղեր: Էդպես ավիրել կարող է մեկ թշնամին, մեկ էլ՝ վատ իշխանությունը»: Այժմ ազատամարտիկները բանակցում են նաեւ տարբեր կուսակցությունների հետ, որպեսզի կարողանան համաժողովրդական մեծ հավաքը կայացնել:

Հարցին, թե ինչպե՞ս են պատրաստվում ժողովրդի որոշումը կյանքի կոչել, մեր զրուցակիցը վստահեցրեց, որ «մի տերեւ անգամ չի շարժվելու»: Նա վստահ է, որ այդ օրը ժողովուրդը հավաքվելու է եւ իր կամքը թելադրելու այս իշխանությանը. «Չկա այնպիսի իշխանություն, որը կտեսնի, որ էնտեղ 100 հազար մարդ է կանգնած ու կասի՝ ոչ, ես էսպես եմ անում: Թող փորձի: Նրա անունը Սերժ Սարգսյան կլինի, Վովա Գասպարյան կամ Գորիկ Հակոբյան՝ պարտավոր են ծառայել ժողովրդին: Իսկ այդ մարդիկ անգամ ժողովրդի 20 տոկոսի վստահության մանդատը չունեն: Այդ օրը ժողովուրդը կգա եւ կորոշի՝ թե ինչպես է ապրելու, ու այդպես էլ կապրենք»:

Ի դեպ, մեր զրուցակցին հիշեցրինք, որ ազատամարտիկները տարբեր կուսակցությունների հետ բանակցություններ էին վարում նաեւ իրենց հրապարակային պայքարի ընթացքում, մի շարք կլոր-սեղաններ գումարվեցին, բայց այդպես էլ ի մի չեկան անգամ դեկտեմբերի 10-ի՝ մարդու իրավունքների պաշտպանության օրը համատեղ երթ անցկացնելու հարցում: Սուրեն Սարգսյանը փաստում է, որ այդ հավաքների ընթացքում սկզբունքորեն ի մի եկել են՝ հատկապես գնահատականների հարցում, որ իշխանությունը երկրում ամեն ինչ գլխիվայր է շուռ տվել:

Ինչ մնում է ամսի 10-ի երթին, մեր զրուցակիցն ասում է, որ առաջացած խնդիրները տեխնիկական էին, այդ իսկ պատճառով էլ որոշվել է, որ ՀԱԿ-ը երթ անցկացնի, քանի որ իրենք արդեն հայտ ներկայացրել էին. «Որոշեցինք, որ մյուսները կհայտարարեն միանալու մասին: Այդպես էլ եղավ, եւ շատ ճիշտ միջոցառում տեղի ունեցավ: Դա եւս մեկ անգամ ապացուցեց, որ կարող ենք միասնաբար գործել: Դա ուժի ցուցադրություն էր, որ մենք՝ ժողովուրդը կա եւ պայքարելու ենք մեր իրավունքների պաշտպանության համար: Այս պահին կուսակցությունների հետ բանակցությունները ընթանում են մեկ հարցադրմամբ՝ մենք միասնաբար հայ ժողովրդին հրավիրում ենք հայոց մեծ ժողովին»:

Այս բանակցություններում դարձյալ կարծես դոմինանտ է դառնում ԲՀԿ-ի դերը՝ ինչպես վերջին առնվազն երկու տարիների իրադարձություններում: Այդ ընթացքում ԲՀԿ-ն բազմաթիվ առիթներ ունեցավ գործնական քայլեր անելու՝ իշխանության դեմ պայքարի իր հայտարարությունները հաստատելու համար, բայց ԲՀԿ-ն հռչակվեց այլընտրանք: Հարցին՝ այս պարագայում ի՞նչը պետք է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ստիպի վտանգել իր ունեցվածքը, իր հարստությունը, Սուրեն Սարգսյանն ասաց. «Ես կուսակցության մասին չեմ ցանկանում մեկնաբանություն տալ: Ինչ վերաբերում է անձին՝ Գագիկ Ծառուկյանի ունեցվածքն արդեն վտանգված է: Երկրում, որտեղ ոհմակի օրենքով են առաջնորդվում, այլեւս վտանգված է ցանկացած ունեցվածք: Տեսեք, գեներալ Մանվել Գրիգորյանը վատառողջ է. այստեղ արդեն քննարկում են, թե նրա փոխարեն ո՞ւմ են բերելու: Այս ոհմակի օրենքը տարածվում է բոլորի վրա»:

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ո՞ր կուսակցությունները կմիանան իրենց առաջարկին, մեր զրուցակիցն ասում է, որ իրենք իրենց սկսած գործն առաջ են տանելու, բոլորին էլ առաջարկել են միանալ եւ իրենց կուսակցական հնարավորություններով աջակցել: Որ կուսակցությունը կմիանա՝ լավ, չի միանա՝ էլի լավ: Ազատամարտիկների համար կուսակցական չափորոշիչներ չեն գործելու, չափորոշիչը լինելու է հայ մարդը. «Ոչ ԲՀԿ-ն, ոչ ՀԱԿ-ը, ոչ էլ որեւէ մեկը դոմինանտ չեն: Ժողովուրդն է դոմինանտ լինելու»:

Ազգին մեկ տեղ ժողովելու մի փորձ մենք ոչ վաղ անցյալում ունեցանք՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռամբ, որն անփառունակ վախճան ունեցավ: Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ դասեր քաղե՞լ են դրանից: Պատասխանը եղավ. «Ես չեմ ուզում որեւէ մեկի բոստանը քար նետել: Հարգում եմ բոլորին: Բայց մենք՝ ազատամարտիկներս, մեկ սովորություն ունենք՝ աղոթում ենք Շուշիում: Հետեւությունները՝ ձեզ»:

Սուրեն Սարգսյանը հորդորում է յուրաքանչյուր հայի՝ կին, թե տղամարդ, ամանորյա սեղաններին բաժակ բարձրացնել փետրվար ամսվա գալստյան համար, ամեն մարդ իր հոգում որոշի, որ այդ օրն ինքն իրենից վերեւ պետք է բարձրանա, ինչպես 1988-ին. «Կապ չունի, որ այսօր 30 հազար ԵԿՄ անդամ կա, 88-ին 12 հազար տղա կամավոր զենք վերցրեց. այդ 12 հազարից 7 հազարը չկան՝ Եռաբլուրներում են, էն մի քանի հազարս որ մնացել ենք, էլի ենք պատրաստ մաքրելու մեր երկիրը քաղաքական աղբից: Մենք այլ խնդիր չենք առաջադրում, բայց մեկ օր ազգովի ասում ենք՝ մենք ազատամարտիկ ենք, դադարում ենք կնոջ ու երեխաների մոտ իշխանություններին հայհոյելուց, պատերի տակ խոսելուց, տաքսու մեջ ուշունց տալուց… ու մեկ օր հետո ապրում ենք այլ կերպ: Բանակի զորակոչն է հետաձգվում. այս իշխանությունը կամ անմեղսունակ է, կամ թշնամի: Մենք թույլ չենք տալու երկրի հայաթափման, մարդաթափման գործընթացը: Ժողովրդին կոչ ենք անում թույլ չտալ, որ իրենց ազատամարտիկը մենակ մնա: Մենք մենակ էլ կանենք, բայց խուժանի անուն չենք ուզում ձեռք բերել: Ուզում ենք ազգովի որոշել եւ անցնցում ճանապարհել այս իշխանությանը»:

Ազատամարտիկները հանդիպելու են եւ Մաքսային միության, եւ Եվրամիության կողմնակիցների հետ, քանի որ գտնում են, որ նախեւառաջ երկրում պետք է նորմալ իշխանություն ունենալ, հետո միայն այլոց հետ հարաբերությունները կարգավորել: «Հորթի պես հրճվել Ռուսաստանի ոտը գնալու համար կամ հորթի հայացքով թախծել Արեւմուտք չգնալու համար՝ պատիվ չի բերում մեզ»,- ասում է մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ անարժանապատիվ կեցվածքով ուր էլ գնաս՝ ոչինչ ես. «Սերժ Սարգսյանը չունի արժանապատվություն, որովհետեւ ընտրված չէ: Նրա հետ վարվում են՝ ինչպես արժանապատվությունը կորցրած մարդու հետ, ինչը վայել չէ մեր ժողովրդին»:

Ազատամարտիկները Ազատության հրապարակից չեն հեռանալու այնքան, մինչեւ Հայաստանում արդարությունը չվերականգնվի եւ նորմալ ընտրված իշխանություն չլինի: Իրենք՝ ազատամարտիկները, իշխանություն չեն ուզում: Միայն ուզում են, որ իրենց ընկերների շիրիմները չպղծվեն:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031