Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր գծերի ոդիսականը–2

Դեկտեմբեր 17,2013 13:30

Այո, սիրելի ընթերցող, մենք՝ ես ու դու, ճիշտ էինք: Այլ կերպ լինել չէր էլ կարող: Չէր կարող Երեւանի քաղաքապետարանը մի քանի դիմումներից եւ մամուլի հրապարակումից հետո արգելակել իր բյուրոկրատական համակարգի պտույտը: Նման բան կարող է անել մտածող մարդ-չինովնիկը, իսկ եթե չինովնիկը ոչ թե մարդ, այլ ռոբոտ-չինովնիկ է, նա չի կարող նախապես տրված ծրագրից դուրս որեւէ քայլ անել: Իմ «Կարմիր գծերի ոդիսականը» հրապարակումից հետո միայն միամիտը կկարծեր, թե թեման փակված է: Միայն միամիտը, սիրելի ընթերցող, բայց ոչ ես ու դու: Ի տարբերություն այդ անկապ միամիտների՝ մենք լավ ենք ճանաչում մեր երկրի մանր ու մեծ չինովնիկներին: Մենք գիտենք մեր ռոբոտ-չինովնիկի զորությունը: Իմ կողմից քաղաքապետարան տարված առաջին պարզաբանումից 12 եւ «Կարմիր գծերի ոդիսականը» հրապարակումից 3 օր անց՝ ուղիղ իմ ծննդյան օրը, դեկտեմբերի 15-ի երեկոյան, տոնակատարության ամենապատասխանատու պահին, քաղաքապետարանի վարչության պետ Մարտիրոսյանի ստորագրությամբ հոկտեմբերի ընթացքում իմ կողմից կարմիր գծերի համար չվճարելու կապակցությամբ նոր վարչական վարույթի մասին նոր ծանուցում ստացա: Այս չինովնիկը, փաստորեն, չի ցանկանում անսալ իմ հորդորին եւ ինձ անհիմն ծանուցումներ չուղարկել: Նրա համար հիմք չեն ոչ քաղաքապետարանի մեկ այլ վարչության պետի գրությունը եւ ոչ էլ բանկի կողմից տրված վճարման անդորրագիրը:

Դեկտեմբերի 16-ի առավոտյան զանգահարեցի այս վարչության պետի ղեկավարած վարչություն: Ցանկանում էի անձամբ նրանից լսել ինձ անընդհատ անհիմն ծանուցումներ ուղարկելու պատճառն ու իմաստը, բայց վարչության պետը, հնուց եկող կարգի համապատասխան, տեղում չէր: Նրա փոխարեն ինձ հետ զրուցեց մեկ ուրիշը, ով ավելի շատ պարտիզան էր հիշեցնում, քան քաղաքապետարանի աշխատակից: Կտրականապես հրաժարվեց ասել իր ազգանունը: Ոչ մի կերպ համոզել չկարողացա: Բայց չբացառեց, որ իրենցից նոր ծրարներ կարող եմ դեռ ստանալ:
Քանի որ ես, ի տարբերություն քաղաքապետարանի չինովնիկների, ինձ Homo sapiens եմ համարում՝ հրաժարվում եմ մասնակցել ռոբոտների թելադրած խաղի կանոններին եւ ամեն անգամ քաղաքապետարան գնալ նոր պարզաբանումներով ու նոր դիմումներով: Էլ քաղաքապետարանի մեկ պատուհանի աղջկան տեսնել չեմ ցան-կա-նում: Վերջ: Մանկությանս տարիներին սրտի թրթիռով դիտածս հնդկացիների մասին ֆիլմերի հերոսների նման դուրս եմ գալիս պատերազմի արահետ: Այս պահից արդեն ընտրել եմ խիստ թանկ մի փաստաբան, որի ծառայությունների արժեքը մեծ ու կլորիկ գումար է կազմելու: Վարչական վարույթների նիստերին չեմ գնալու: Քաղաքապետարանից եկած այս եւ հաջորդ ծանուցումները, որոնք ռոբոտների կարգի համաձայն՝ պետք է որ շարունակեն գալ, թողնելու եմ անհետեւանք: Թող ինձ տուգանեն: Տուգանքից հետո իմ խիստ թանկ փաստաբանը միայն իր կողմից մատուցած փաստաբանական ծախսերի համար դատարանի միջոցով խիստ կլորիկ գումար կպահանջի քաղաքապետարանից: Եվ կստանա: Հաստատ: Ճիշտ է, մեր դատարաններն արդար չեն, բայց սա այն դեպքը չի: Անարդար վարվելու դրդապատճառ չունեն, նաեւ ռոբոտներին չեն սիրում: Սա հաստատ է: Ռոբոտներին անգամ ռոբոտները չեն սիրում:

ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031