Լրահոս
Օրվա լրահոսը

Չտեսնող մարդկանց համար Հայաստանում ընդամենը 1 լուսակիր կա

Դեկտեմբեր 17,2013 13:27

Հաշմանդամները պետք է մասնակցեն պետական-քաղաքական կյանքին

Որեւէ երկիր չի կարող քաղաքացիական համարվել, եթե այնտեղ չեն հարգվում հաշմանդամ մարդկանց իրավունքները, եւ նրանց համար չկան պայմաններ: 2010 թվականի հոկտեմբերի 20-ից մեր երկրում ուժի մեջ է մտել հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոնվենցիան: Դրանով մեր պետությունը պարտավորվել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալապես ներառել հասարակություն, ստեղծել արժանապատիվ կյանք վարելու պայմաններ ու հնարավորություններ: Սակայն ընդամենը մի քանի օրինակով կարելի է ցույց տալ, թե իրականում ինչպիսի վերաբերմունքի են արժանանում ու ինչ խնդիրների են բախվում հաշմանդամները մեր առօրյա կյանքում: Պատճառներից մեկը ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակից, «Հարմոնիա» կույր անձանց հասարակական կազմակերպության նախագահ, Կոմպոզիտորների միության անդամ Ալբերտ Աբգարյանի համոզմամբ՝ այն է, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ ներառված չեն պետական-քաղաքական կյանքում։ «Առավոտ»-ի հետ զրույցում պարոն Աբգարյանը կարծիք հայտնեց, որ խոսքը այն հաշմանդամ մարդկանց մասին է, որոնք ունեն համապատասխան կրթություն եւ որակավորում։ Նշենք, որ այսօր չտեսնող հաշմանդամ մարդու համար Հայաստանում այս տարի տեղադրվել է ընդամենը մեկ հատ ձայնային համալրում ունեցող լուսակիր: Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանում կույրերի զբաղվածության խնդիրները լուծում չեն գտնում նաեւ ելնելով հասարակության կարծրատիպերից։

Այժմ արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատում է 26 սայլակավոր հաշմանդամ մարդ։ Ըստ Ա. Աբգարյանի՝ հաշմանդամները պետք է աշխատեն նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության, նախարարություններում եւ այլ կառույցներում։

Ինչպես նշեց Ալբերտ Աբգարյանը «Առավոտի» հետ զրույցում, այն մարմիններում, որոնք զբաղվում են հաշմանդամների հարցերով, պետք է աշխատեն հաշմանդամները, քանի որ նրանցից ավելի լավ ոչ ոք չի կարող պատկերացնել նրանց հիմնախնդիրները. «Բայց խոսքը գնում է ուսյալ եւ համապատասխան կրթություն ունեցող հաշմանդամների մասին»։
Ինչ վերաբերում է հատկապես չտեսնող մարդկանց խնդիրներին, ապա Ալբերտ Աբգարյանը նշում է, որ դեռ շատ հարցեր պետք է լուծվեն. «Հայաստանում այս տարի տեղադրվել է 1 հատ ձայնային համալրում ունեցող լուսակիր, եւ ճանապարհային ոստիկանությունը խոստացել է մինչեւ այս տարվա վերջ տեղադրել եւս 2-ը»։ Այնինչ, պարոն Աբգարյանի ներկայացմամբ, Եվրոպայի ոչ այնքան զարգացած երկրներում այդ հարցերը վաղուց լուծված են։ Այնտեղ անգամ դեղատուփերի շշերի վրա էլ են գրում չտեսնող մարդկանց համար նախատեսված՝ բրայլյան այբուբենով, որպեսզի նրանք եւս կարողանան օգտվել եւ տեղեկություն ստանալ։ Ինչ վերաբերում է գրքեր ընթերցելուն, ապա Ա. Աբգարյանը նշում է, որ գոյություն ունի այդպիսի ծրագիր, որի միջոցով չտեսնող մարդիկ կարողանում են կարդալ էլեկտրոնային գրքեր, ծրագրի միջոցով կարելի է կարդալ նաեւ հայերեն գրքեր։ Բայց խոսքը չի վերաբերում աուդիոգրքերին, դա, ըստ Ալբերտ Աբգարյանի, իդեալական տարբերակ է կույր մարդկանց համար, քանի որ եթե այդ ծրագրով չտեսնող մարդը լսում է ռոբոտացված ձայն, ապա աուդիոգրքերավ լսվում է մարդու ձայն։

«Խոսող գրքերն», Ալբերտ Աբգարյանի ներկայացմամբ, առկա են միայն ձայներիզների տեսքով, որոնք էլ տրամադրվում են գրադարաններում։

ԶԱՌԱ ԱՍԿԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031