Լրահոս
Օրվա լրահոսը

Կարճահասակը

Դեկտեմբեր 17,2013 13:24

Առաջ բավական միամիտ էի ու ինձ միշտ թվում էր, թե վերլուծաբանը նա է, ով կարողանում է կանխատեսել ապագան: Այսինքն՝ վերցնում է փաստերը, համադրում է դրանք ու եզրակացություն անում, որ Սեթոն ու Անուշիկը, որոնք 4 տարի տառապում են միմյանց նկատմամբ խորը եւ համապարփակ սիրով, ի վերջո կգնան եւ համապատասխան փաստաթուղթ կստորագրեն Արաբկիրի համայնքի Քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակում:

Բայց հետո նկատեցի, որ մեր վերլուծաբանները շատ ավելի խելոք են ու հիմնականում զբաղվում են անցյալի գուշակությամբ: Այսինքն՝ երբ Սեթոն ու Անուշիկը 4 տարի շարունակ միմյանց խորն ու համապարփակ սիրելուց հետո ամենեւին էլ չեն ստորագրում համապատասխան փաստաթուղթը, որովհետեւ Անուշիկն անսպասելիորեն հայտարարում է, թե ամուսնանում է Համբարձումի հետ, եւ ի զարմանս շվարած Սեթոյի՝ առաջարկում է նրան պարզապես շարունակել սերտորեն համագործակցել, ասենք, բնապահպանական բնագավառում, այնժամ անմիջապես հայտնվում է վերլուծաբանը եւ սկսում ջանադրաբար հիմնավորել, որ այլ կերպ պարզապես չէր կարող լինել: Ընդ որում՝ այդ հիմնավոր հիմնավորումներն այնքան համոզիչ են, որ համոզվում ես սեփական մտավոր տկարության ու սահմանափակության մեջ՝ ախր ես ինչպես չէի հասկանում, որ Համբարձումի հետ Անուշիկի միությունն այլընտրանք չուներ: Ու գիտեք, դա շատ ուրախալի է, որովհետեւ եթե քո ապագան անկանխատեսելի է, կարող ես գոնե մխիթարվել նրանով, որ միշտ կգտնվեն քեզնից շատ ավելի խելոք, կրթված ու լայնախոհ մարդիկ, որոնք մեծ հավանականությամբ կկանխատեսեն քո անցյալը…

Իսկ այն, որ ինձ երբեք չի հաջողվել կանխատեսել նույնիսկ ամենամոտ ապագան, բոլորը գիտեն: 1997 թվականի դեկտեմբերն էր: Իրադրությունը, կարծես, այսօրվա հայելային արտացոլումը լիներ՝ բոլոր ընտրություններն անցել էին, ընդդիմությունը հետընտրական բողոքի ալիքը բարձրացրել ավարտել էր, մեր մոտ ապագայի ճանապարհային քարտեզն էլ առջեւում կայուն զարգացման ճահիճ էր ցույց տալիս: Ամանորյա պատրաստություններին անցնելուց առաջ հենց այդպիսի մի նախատոնական վերլուծություն էլ արեցի եթերի համար՝ ժողովուրդ, պատրաստվեք տաղտուկ ու միալար ապագային՝ մինչեւ հաջորդ ընտրաշրջան…
Կոմիտասի շուկայից ամանորյա մանդարին էի գնում, քանի դեռ թանկ չէր: Մինչեւ սակարկում էի վաճառողի հետ, կանաչ վերարկուով ու գլխարկով կարճահասակ մի մարդ անընդհատ նայում էր իմ կողմը: Վերջը մոտեցավ, ասաց՝ «Ձեզ ձայնից ճանաչեցի, եթե չեմ սխալվում՝ դուք եք ռադիոյով իմ լսած վերլուծության հեղինակը»:

Առանց վարանելու խոստովանեցի ոչ միայն վերլուծությանս հեղինակությունը, այլեւ նրա հետ միասին շուկայի դիմացի գարեջրատունն այցելելու ցանկությունս: Ճիշտն ասած, ուրախացա, երբ հրավիրեց, որովհետեւ դա իմ պատանեկության գարեջրատունն է: Ավտոմատից 20-կոպեկանոց գարեջուր, համ էլ խինկալի՝ հատը 5 կոպեկ: Կողքի դպրոցի բակում ֆուտբոլ խաղալուց հետո տղերքով միշտ գալիս էինք:

Մինչեւ ուսումնասիրում էի, թե ինչպես էր փոխվել այն տեղը, որտեղ մի անգամ գռազով 12 գավաթ գարեջուր էի խմել, տարօրինակ ու անհասկանալի բաներ էր ասում անծանոթը: «Այ, դուք փորձում եք կանխատեսել ապագան: Գիտեք, ես էլ եմ փորձում նույնն անել, բայց ելնելով հակառակից»:

«Այսինքն՝ ինչպես թե հակառակից»:
«Ուզում եմ հասկանալ, թե ինչից ելնելով եք դուք կանխատեսում ապագան, որը բոլորովին այնպիսին չէ, ինչպիսին դուք եք կանխատեսում»:

Ճիշտն ասած, անծանոթների հետ ծանր ու անիմաստ զրույցներում հեշտությամբ տեղի եմ տալիս ու երբեք չեմ սիրում պնդել, թե իրավացի եմ, մանավանդ՝ երբ իրենք են գարեջուրը հյուրասիրում, բայց, չգիտես ինչու, սկսեցի վիճել ու երկար համոզել, որ առաջիկա տարին լինելու է հենց այնպիսին, ինչպիսին ես եմ այն նկարագրել վերլուծությանս մեջ՝ տափակ ու անկյանք: Նա համակ ուշադրությամբ լսում էր, թե ինչի հիման վրա եմ ես արել իմ եզրակացությունները: Վերջում էլ ասացի՝ «Լիովին ընդունում եմ, որ դուք կարող եք համաձայն չլինել հաջորդ տարվա իմ կանխատեսումների հետ, բայց, ինչպես սիրում են ասել մեր վերլուծաբանները, ժամանակը ցույց կտա: Կապրենք՝ կտեսնենք»:
Կարճահասակը տխուր ժպտաց՝ «Ես ապրել ու տեսել եմ: Դուք չգիտեք, թե որքան ցավագին է դա՝ ապրել այսօր, բայց արդեն հաստատ իմանալ, թե ինչ է լինելու վաղը: Դուք պարզապես երջանիկ եք, որ պատկերացում չունեք ապագայի մասին»:

* * *
Այն բանում, որ այս տարօրինակ մարդը ճիշտ է եւ իրոք պատկերացում չունեի ապագայի մասին, 1998-ին շատ արագ համոզվեցի, երբ մեր գարեջրային խոսակցությունից ընդամենը մի քանի շաբաթ անց մեկը մյուսի հետեւից բոլորը հրաժարական տվեցին, հետո նոր նախագահ, հետո էլ 1999-ի դեպքերը…

Ու անկեղծորեն խոստովանեմ՝ անչափ երախտապարտ եմ կանաչ վերարկուով կարճահասակին, որը պնդում էր, թե ապրել ու տեսել է ապագան: Որովհետեւ նրա հետ հանդիպումը եւ դրան հետեւած դեպքերը ստիպեցին ինձ ընդմիշտ հրաժարվել ապագայի վերաբերյալ վերլուծական կանխատեսումներ անելուց: Այն ժամանակներից ի վեր այլեւս անիմաստ բաներով չեմ զբաղվում, քանզի վերջնականապես հասկացել եմ, որ իմ մտավոր կարողություններից վեր էր անցած տարվա դեկտեմբերին կանխատեսել, թե Անուշիկը Սեթոյի հետ 4 տարի խորը եւ համապարփակ ման գալուց հետո, ոչ թե կգնա Վիլնյուսի քաղաքային ԶԱԳՍ, այլ միանշանակ կնախընտրի խրոխտ Համբարձումին: Ճիշտ այդպես էլ ունակ չէի կանխատեսելու, որ եթե գարնանը մարդուն միանշանակ զգուշացնում են, որ 7 տոկոսը չապահովելու դեպքում անվերապահորեն պիտի հեռանա, այդ մարդը, ամենեւին էլ չապահովելով այդ տոկոսը, տարվա վերջում կարող է շվշվացնելով կիթառ նվագել:
Այսինքն՝ կամաց-կամաց սկսում եմ հասկանալ կարճահասակին, որը փորձում էր հասկանալ, թե ինչպես էի ես փորձում հասկանալ ապագան, ելնելով մեր իրականությունից: Քանզի մեր իրականությունից ելնելով, ապագան կանխատեսելն իրականում անհնար է:

Եվ հիմա մտածում եմ՝ կարճահասակը բավական խորիմաստ բան էր ասում. «Դուք պարզապես երջանիկ եք, որ պատկերացում չունեք ապագայի մասին»… Այն, որ բոլորովին պատկերացում չունենք ապագայի մասին՝ միանգամայն ճիշտ է: Հենց դրա համար էլ վերլուծաբանները սպասում են, որ ապագան գա, հետո նոր հիմնավորում են այն: Բայց արդյոք երջանիկ ենք դրանից…

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031