Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բարոնի արտադրամասի» քիմիկոսների, թատրոնի տնօրենի գործն ամենաաղմկահարույցն է

Դեկտեմբեր 17,2013 13:21

Այս տարվա հունիսի 18-ին Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով տասներկու տարվա ազատազրկման դատապարտվեց «Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության տնօրեն Սամվել Խաչատրյանը, իսկ 9 ճանաչված անձինք` թատրոնի տնօրեն, քիմիկոսներ, ամբաստանյալներից վեցը`դատապարտվեցին մինչեւ տասը տարվա ազատազրկման: Չնայած դրան, այս գործով կալանավորված էին չորսը, մնացածի նկատմամբ ընտրվել էր խափանման միջոցը՝ ստորագրությունը:

Քրեական վերաքննիչ դատարանում այս գործի մասին հիշվեց այն ժամանակ, երբ ամբաստանյալներից մեկը փորձեց փախչել. դեկտեմբերի 12-ն էր:
Աղմկահարույց գործի քննությունը դատարկ դահլիճում է, չնայած այն առնչվում է թմրանյութերի ապօրինի պատրաստման եւ իրացման հետ: Իսկ տանիքը պետական հիմնարկն էր` իր տնօրենի հետ միասին:

Սիրաժ Ղամբարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ աշխատելով «Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունում՝ որպես լաբորատորիայի վարիչ, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Սամվել Խաչատրյանի, փորձարարական արտադրության պետ Արա Ռոստոմյանի եւ ընկերության չգրանցված աշխատակից Արմեն Լեպեջյանի հետ, 2007 թ. դեկտեմբերին, Սամվել Խաչատրյանի կողմից առանց հաշվառման ձեռք բերված նատրիումական աղերից ջրի եւ կաուստիկ սոդայի հետ խառնելու եղանակով, ապօրինի պատրաստել են «ամֆետամին» տեսակի թմրամիջոց պատրաստելու պրեկուրսոր հանդիսացող «1-ֆննիլ-2-պրոպանոն», որն էլ մեթանոլ սպիրտի հետ խառնելով, նիկել ռանյի կատալիզատորով ակտիվացնելով, ստացված նյութը հարստացրել են ամոնյակի: Ջրածնի գազով ստացված ռեակցիոն խառնուրդը կատալիզատորից անջատելու, ապա մեթանոլը թորելու եղանակով նրանք պատրաստել են առանձնապես խոշոր չափի՝ մոտ 180 կգ «ամֆետամին» տեսակի թմրամիջոց:
Ամբաստանյալներից Արմեն Բաղդասարյանն էլ մեղադրվել է այն բանի համար, որ 2009 թ. գարնանը վիտամինների եւ այլ օրգանական սինթեզով ստացվող նյութերի արտադրության կիսաֆաբրիկատ եւ «ամֆետամին» տեսակի թմրամիջոցի պատրաստման պրեկուրսոր հանդիսացող «1-ֆենիլ-2-պրոպանոնի» նպատակով հիմնել են «Բարոնի» գիտաարտադրական փորձարարական ընկերությունը, որը գործել է «Գ.Նազարյան եւ ընկերներ» ՍՊ ընկերությունից վարձակալված՝ «Քիմպրոմէքս» ՍՊ ընկերությունից վարձակալած Արցախի 4-րդ նրբանցք թիվ 5 հասցեում:

Քիմիկոս Աշոտ Մելիքյանի գլխավորությամբ այդ սարքավորումները մոնտաժելուց հետո, մեկ այլ քիմիկոսի` Սամվել Մկրտումյանի եւ այլ աշխատակիցների հետ, 2009 թ. հոկտեմբերից մինչեւ 2010թ. հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում, առանց համապատասխան հաշվառման եւ փաթեթավորման, ապօրինի պատրաստել են պրեկուրսոր հանդիսացող՝ շուրջ 800 կգ 95 տոկոսանոց մաքրությամբ մեթիլբենզիլկետոն, որից 80 կգ-ը Արմեն Բաղդասարյանը, դրա մեկ կգ-ն 400 ԱՄՆ դոլարով վաճառելով, ապօրինի իրացրել է Արա Ռոստոմյանին, իսկ եւս 515 կգ-ն՝ կրկին վաճառելով՝ իրացրել է «քննությամբ չպարզված այլ անձանց»։
Ամբաստանյալ Արմեն Բաղդասարյանն «ամֆետամին» տեսակի թմրամիջոց պատրաստելու լաբորատորիա կառուցելու շուրջ նախնական համաձայնության գալով Արա Ռոստոմյանի հետ, Գալուստ Գեւորգյանից վարձակալած՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Տանձանոց 3 փողոցի կիսակառույց տան հողամասում է գործել, Աշոտ Մելիքյանից ապօրինի ձեռք է բերել կետոնից պատրաստված` առանձնապես խոշոր չափի՝ մոտ 5 գրամ «ամֆետամինի» աղի նմուշ։ Հակոբ Համբարձումյանի միջոցով Աշոտ Մելիքյանից տեղեկանալով խոշոր չափի՝ 15 կգ «ամֆետամին» տեսակի թմրամիջոցի գնորդի առկայության մասին, Արմեն Բաղդասարյանը, իրացնելու նպատակով, նշված լաբորատորիայում «ամֆետամին» տեսակի թմրամիջոց պատրաստելու եւ դրա մեկ կգ-ը 1.500 ԱՄՆ դոլարով Աղվան Վարդանյանին վաճառելով իրացնելու շուրջ նախնական համաձայնության է եկել Աշոտ Մելիքյանի եւ Հակոբ Համբարձումյանի հետ: 2010թ. մայիսի 19-ին, Երեւանի Նոյ թաղամասում, գնորդ Աղվան Վարդանյանին փոխանցելու համար, Ա. Բաղդասարյանը Հակոբ Համբարձումյանին է տվել իրացվելիք թմրամիջոցի նմուշը, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել. 2010թ. մայիսի 21-ին, Սախարովի հրապարակում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, գնորդ Աղվան Վարդանյանը պայմանավորվածության համաձայն Աշոտ Մելիքյանին եւ Հակոբ Համբարձումյանին չի վճարել իրացվելիք թմրամիջոցի արժեքը կազմող 22.500 ԱՄՆ դոլար գումարը:

Բացի այդ, Արմեն Բաղդասարյանը 2010 թվականի մայիսի վերջերին, նույն լաբորատորիայում իրացման նպատակով առանձնապես խոշոր չափի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց պատրաստելու շուրջ նախնական համաձայնության գալով Արա Ռոստոմյանի հետ, «Բարոնի» ՍՊ ընկերությունում արտադրված կետոնից տարբեր խմբաքանակներով իր մոտ է փոխադրել դրա 150 կգ քանակությունը: Ըստ գործի նյութերի, չբավարարվելով ստացված արդյունքից, Ա. Բաղդասարյանը, 2010թ. հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը, «ամֆետամինի» հիմքի վերը նշված ռեակցիոն խառնուրդից թորման եղանակով ավելի բարձր տոկոսային բաղադրությամբ «ամֆետամինի» հիմք ստանալու շուրջ նախնական համաձայնության է եկել Հակոբ Համբարձումյանի, Աշոտ Մելիքյանի, իսկ ապա` Սամվել Մկրտումյանի հետ, պատրաստել են առանձնապես խոշոր չափի՝ 6 կգ 392 գրամ «ամֆետամինի» պարունակությամբ հիմք։ Թմրամիջոցի՝ ընդհանուր՝ 21 կգ 433,677 գրամ քանակությունը 2010թ. հունիսի 5-ին հայտնաբերվել եւ առգրավվել է նշված լաբորատորիայի զննության ժամանակ։
Աշոտ Առաքելյանն էլ հանդիսանալով «Մերի Շաքե թատրոն ստուդիա» ՍՊ ընկերության տնօրեն, 2008թ. սկզբներին Իրանի Իսլամական Հանրապետությունից սահմանված կարգով Հայաստան է ներկրել թմրամիջոցների պատրաստման պրեկուրսոր հանդիսացող՝ 9.520 կգ «քացախաթթվի անհիդրիդ», որից հետագայում ապօրինի իրացնելու նպատակով, որպես իրացվելիք պրեկուրսորի նմուշ, Երեանում մոտ 14 լիտր ապօրինի իրացրել է Աղվան Վարդանյանին։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031