Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Սադոյանը պատրաստ է սպասել

Դեկտեմբեր 17,2013 13:15

Թեեւ կոմպոզիտորի «Նարեկացի.  ձայն առ Աստված» բալետը վաղուց հաստատված է

Երեկ Ազգային օպերային թատրոնում «Երաժշտական կամուրջ. ԱՄՆ-Հայաստան» խորագրով համերգին թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ տեղի սիմֆոնիկ նվագախումբը եւ երգչախումբը (խմբավար՝ Հ. Բորյան) հնչեցրին ճանաչված կոմպոզիտորներ, ամերիկյան կողմից՝ Մերիլին Բլիսի, Հայկ Բոյաջյանի, հայկական կողմից՝ Էդուարդ Սադոյանի ստեղծագործությունները: Տարիներ առաջ, դարձյալ «Երաժշտական կամուրջ»-ով հայաստանցի հանդիսատեսը ներկա գտնվեց վերոնշյալ հեղինակների համերգին: Այս անգամ մասնակցում էին նաեւ Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի սաները (խմբավար՝ Է. Առաքելյան):

Հանդիսատեսը ոգեւորությամբ ընդունեց ամերիկացի հեղինակների՝ Բլիսի «Շղարշներ» եւ Բոյաջյանի «Սկորպիուսի ծագումը» ստեղծագործությունները, իսկ Էդ. Սադոյանի «Նարեկացի. ձայն առ Աստված» բալետի երաժշտության առաջին կատարումից հետո դահլիճում սկսվեց բուռն քննարկում: Ցանկություն կար թատրոնի խաղացանկում տեսնել հայ կոմպոզիտորների ավելի շատ բալետային ստեղծագործություններ:
«Առավոտի» հետ զրույցում, մասնագետների գնահատմամբ՝ սիմֆոնիկ լուրջ, ինքնատիպ մտածողությամբ Էդուարդ Սադոյանը նշեց, որ վաղուց պատրաստ է իր «Եռապատումը»՝ բաղկացած 2 օպերայից՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Մաշտոց», եւ «Նարեկացի. ձայն առ Աստված» բալետից: Հետո էլ մանրամասնեց. «2006թ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» օպերայի պրեմիերայից հետո այն ունեցել է մի քանի համերգային կատարում եւս: Առանց վարանելու ես դա վստահել եմ մեր ակադեմիական թատրոնին, մասնավորապես՝ դիրիժոր Կարեն Դուրգարյանին: 5-6 տարի առաջ էլ «Նարեկացի. ձայն առ Աստված»-ը հատվածաբար, դարձյալ այս թատրոնում, ներկայացվել է հանդիսատեսին: 2010թ. օպերային թատրոնի գեղարվեստական խորհուրդը հավանություն է տվել բալետին, իսկ մշակույթի նախարարությունը՝ հաստատել: Ընդ որում, բալետի լիբրետոյի հեղինակը մեծանուն խորեոգրաֆ Մաքսիմ Մարտիրոսյանն է: Պարզապես չեմ հասկանում, թե ինչու է ձգձգվում բեմադրությունը…»:

Պարոն Սադոյանը նշելով, թե օպերային թատրոնի բալետային խաղացանկը անհրաժեշտ է հարստացնել հայ հեղինակների գործերով, ասաց. «Վերջերս թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը ուրախ լուր հայտնեց, թե Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ վերականգնվելու է Էդգար Հովհաննիսյանի «Անտունին»: Ես իմ բալետի եւ օպերաների բեմադրություններին պատրաստ եմ էլի սպասել, միայն թե «Անտունին» ու հայ կոմպոզիտորների նման արժեքավոր գործերը նորից բեմ բարձրանան»:
Անդրադառնալով կայացած «Երաժշտական կամուրջին» եւ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ այս անգամ ամերիկացի իր կոլեգաները չեն ժամանել Հայաստան, մեր զրուցակիցը, շրջանցելով հարցը, փաստեց, որ ժամանակակից աշխարհում լայն լսարանի հետ լավագույն շփման ձեւը հեռուստակամուրջն է եւ որքան էլ դա թանկ է, այնուամենայնիվ այն բազմապատիկ անգամ էժան է, եթե փորձեն այդ նույն կապը ֆիզիկապես իրականացնել: Կեսկատակ-կեսլուրջ էլ հավելեց, որ եթե հեռուստակամուրջը Արեւմուտքում համարյա առօրեական շփման ձեւ է, մեզ մոտ այն դրամահավաքի դեպքում է իրականացվում: Էդուարդ Սադոյանը հիշեց խորհրդային տարիներին հաճախ եթեր հեռարձակվող տարբեր թեմաներով հեռուստակամուրջները, առաջարկեց, որ դրանք կարելի է իրականացնել՝ «շոշափելով» նաեւ մշակութային հարցեր:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Էդուարդ Սադոյանը ( ձախից), Մերիլին Բլիսը եւ Հայկ Բոյաջյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031