«Սա ԱԳՆ-ի խնդիրն է»,-անդրադառնալով ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակի` (UNDP) Ստամբուլ տեղափոխման որոշմանը այսպիսի կարծիք հայտնեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը:
Հիշեցնենք, որ արդեն Թուրքիա է տեղափոխվել ՄԱԿ-ի Բնակչության ֆոնդը, մանկական հիմնադրամը` Յունիսեֆը:
Կարինե Դանիելյանը նշեց, որ Թուրքիան այսպես պաշտպանվում է և նախապատրաստվում Հայոց ցեղասպանության 100-ամյակին:
Հետո հավելեց. «Անձամբ ես բազմաթիվ հրավերներ եմ ստանում Թուրքիայում գիտաժողովների մասնակցության համար: Այնտեղ մարդկանց նվերներ, կաշառք են տալիս, անում այնպես, որ մարդկանց մտքով էլ չանցնի, որ այդ երկիրը կարող է ցեղասպան լինել»:
Կարդացեք նաև
Տիկին Դանիելյանը նկատում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը համակարգված աշխատում են իրար հետ, Ադրբեջանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեում, որը զբաղված է պատմամշակութային արժեքների պահպանությամբ. «Ամեն տեղ նստած մի թուրք ու մի ադրբեջանցի են աշխատում և պատահական չեն աշխատում, այլ հօգուտ իրենց երկրների, ակնհայտորեն աշխատում են այնպես, որ ինչքան հնարավոր է Հայաստանին դուրս թողնեն գործընթացից»:
Նախախորհրդարանի անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը մտահոգություն հայտնեց, թե դրսում մեր խնդիրներին անտեղյակ են ու մանրամասնեց. «Ախր չի կարող այդքան մարդ ձևացնել, դերասանություն անել, թե չգիտեին: Մարդիկ հետո շահախնդիր սկսում են հարցուփորձ անել`ոնց է եղել, ինչ է եղել»:
Տիկին Խառատյանը չի մեղադրում ոչ ՄԱԿ-ին, ոչ էլ միջազգային հանրությանը ու նշում. «Մեր ԱԳՆ-ից հիմնականում լսում ենք այնպիսի պատասխաններ, թե անիմաստ է, մեկ է, ոչ մի բան չի փոխվելու: Կա մեծագույն անվստահություն Հայաստանի պաշտոնատար համակարգում: Նախաձեռնողականության մեծ պակաս կա: Անվստահության մթնոլորտ կա, թե մեր մասնավոր խնդիրներով մեզ կմեղադրեն: Բայց մենք մեր ամենաանաչառ խնդիրների շուրջ անգամ անվստահություն ունենք: ՄԱԿ-ում վաղուց պիտի քննարկվեր ցեղասպանության, Թուրքիայի չապաշխարելու խնդիրը: Բայց ոչ մի տեղ այս հարցը չի քննարկվում, բնականաբար նաև ՄԱԿ-ում, որտեղ մենք ներկայացուցիչ ունենք»:
Կարինե Դանիելյանը, պատասխանելով հարցին, թե ՀԿ-ների կոալիցիայի պայքարն ապարդյո՞ւն անցավ, քանի որ UNDP-ի գրասենյակը տեղափոխվելու է Ստամբուլ, ասաց. «ՀՀ-ն Ստամբուլի հետ չի աշխատելու: Դա արդեն արդյունք է: Բաքուն հավակնություններ ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ն տանել իր մոտ, բայց երեկ հետաքրքրվել եմ ու հասկացել, որ հարցը փակվել է: Հույս ունեմ, որ միգուցե մեր այս նամակները գոնե կնպաստեն հետագայում այլ կառույցների տեղափոխման հարցի դանդաղեցմանը»:
ԱԳՆ-ի հասցեին հնչած դիտարկումները փոխանցեցինք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանին: Նա կարճ պատասխանեց. «Բանախոսները տեղյակ են այն բոլոր քայլերի մասին, որոնք ձեռնարկել է ՀՀ ԱԳՆ-ն, ինչպես նաև տեղյակ են այլ գրասենյակների տեղափոխման իրական պատճառների մասին»:
Այն կարծիքների առնչությամբ, թե դրսում մեր խնդիրներից տեղյակ չեն, քանի որ կա իրազեկվածության պակաս, Տիգրան Բալայանն ասաց. «Մենք փորձում ենք իրազեկել և մեր կողմից աշխատանքներ տարվում են դիվանագիտական ներկայացուցչությունների ու այլ կառույցների միջոցով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ