Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագիտությունը՝ նախարար

Դեկտեմբեր 17,2013 12:59

Անցած շաբաթ Ազգային ժողովում քննարկվում էին ձկնաբուծության խնդիրները. բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի փաստարկները, ինձ թվում է, ընդհանուր առմամբ հիմնավոր էին եւ, ի վերջո, արժանացան մեծամասնության հավանությանը: Բայց խոսքը ոչ թե խնդրի էության, այլ տվյալ նախարարի վարքագծի մասին է, որից պատգամավորները իրավամբ դժգոհել էին:

Արամ Հարությունյանը իրեն թույլ է տալիս «վերեւից» խոսել ոչ միայն պատգամավորների հետ: Երբ լրագրողներն են իրեն հարց տալիս, նա նույնպես ընդունում է «հոգնած վարժապետի» տեսք եւ իր ողջ կեցվածքով ցույց է տալիս. «Թեեւ դուք ինձ ձանձրացրել եք ձեր տգիտությամբ, բայց ես, այնուամենայնիվ, կփորձեմ իջնել ձեր մակարդակին ու եւս մեկ անգամ կրկնել այն տարրական ճշմարտությունները, որոնք դուք չգիտեք»: Գուցե մենք գործ ունենք մտքի ինչ-որ մի գիգանտի հետ, բնապահպանության ոլորտում մի այնպիսի անզուգական մասնագետի հետ, որն իր գիտական ուսումնասիրությունները թողած՝ հազի՞վ է համաձայնել զբաղեցնել նախարարի պաշտոնը:

Բայց Արամ Հարությունյանի կենսագրությունը, կարծես թե, դա չի հուշում. մինչեւ 1999 թվականին պատգամավոր դառնալը՝ նա զբաղվել է գյուղատնտեսական բիզնեսով, 2004 թվականին ՕԵԿ-ի քվոտայով դարձել է քաղաքաշինության նախարար: Սակայն այդ կուսակցությանը, հավանաբար, այնքան էլ հոգով-սրտով նվիրված չէր, որովհետեւ հենց որ ՕԵԿ-ը 2007 թվականին դարձավ ընդդիմություն, Հարությունյանը անմիջապես շարունակեց իր նախարարական կարիերան բնապահպանության ոլորտում: Մարդը մասնագիտությամբ նախարար է. վաղը, պետք լինի, նա կդառնա մշակույթի կամ ֆինանսների նախարար եւ նույն ամենագետի տեսքով բացատրելու է պատգամավորներին ու լրագրողներին մշակույթի եւ ֆինանսների խնդիրները:

Որքան մարդը շատ գիտի, այնքան շատ է ուզում սովորել, այնքան քիչ է նա հպարտանում իր գիտելիքներով եւ պատրաստ է ամենայն անկեղծությամբ, ուրախությամբ եւ նույնիսկ կասեի՝ հեզությամբ փոխանցել այդ գիտելիքը բոլոր ցանկացողներին: Այդպես է ստեղծվում մշակույթը, այդպես են զարգանում թե փոխանցողը եւ թե ստացողը:
Իսկ երբ մարդը զարմացած է իր պաշտոնից, դիրքից եւ իր ունեցած փողի քանակից, ապա նա սկզբունքորեն ոչ մի օգտակար բան ընդունակ չէ անել: Թերեւս՝ միայն փքված նստել «մաքսային պարտխոզակտիվի» ձանձրալի ժողովներում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031