Հենց ամենասկզբից, երբ Սպորտի նախարարությունը լավագույններին որոշելու համար միավորների սանդղակ էր կազմել, բազմաթիվ քննադատություններ եղան, որ դա լուծում չէ, որովհետեւ այդ չափորոշիչով, օրինակ` ոչ մի ֆուտբոլիստ կամ շախմատիստ տասնյակում տեղ չէր գտնելու:
Եվ երկրորդը, որ քվեարկությունը կատարելու էր Մարզական լրագրողների ֆեդերացիա կազմակերպությունը, ինչի արդյունքում քվեարկության արդյունքները քննադատության էին արժանանալու լրատվամիջոցների եւ մարզական լրագրողների կողմից։
Ի վերջո, երբ աղմուկը թեմայի շուրջ մեծացավ, նախարարությունը մի փոքր տեղի տվեց ու հաշվի առնելով մարզական լրագրողների որոշ դիտողությունները եւ առաջարկությունները, քվեարկության կարգում փոփոխություններ կատարեց։
Մասնավորապես, թույլ տրվեց, որ մարզաձեւերի ֆեդերացիաները 5-ական թեկնածու ներկայացնեն իրենց մարզաձեւից, իսկ ամենակարեւորը, որ քվեարկությանը մասնակցելու էին այն լրատվամիջոցները, որոնք ակտիվ լուսաբանում են սպորտը։ Անկասկած, սա իդեալական տարբերակ էր, բայց ընդունելի էր այնքանով, որ հետագայում կարելի էր շտկել թերությունները:
Կարդացեք նաև
Եվ ահա նախարարությունը հայտարարում է քվեարկության մեկնարկի մասին, ներկայացնում է այն պայմանները, թե ինչպես եւ ինչ ժամկետներում, ինչ կարգով պետք է լրատվամիջոցները մասնակցեն քվեարկությանը։ Հենց պայմաններին ծանոթացանք, պարզ դարձավ. նորից աղմուկ է բարձրանալու։ Որովհետեւ, համաձայն այդ պայմանների, լրատվամիջոցի ներկայացուցիչը քվեարկելու էր այնպես, ինչպես Սպորտի նախարարությունն է պարտադրում։
Այսինքն, ներկայացված է լավագույն մարզիկների թեկնածուների ցանկը, հետո, թե նրանցից ով ինչ հաջողությունների է հասել, դրա համար որքան միավոր է նրան տրվում, իսկ լրատվամիջոցներին թույլատրվում է միայն մի բան. ընտրություն կատարել հավասար միավորներ ստացած մարզիկների միջեւ։ Ու մի հատ էլ զգուշացրել են. ոչ ճիշտ միավորով հաշվարկված արդյունքներով ներկայացված քվեաթերթը կհամարվի անվավեր։
Բարեւ ձեզ։ Նախարարությանն էլ թվաց, թե լրատվամիջոցներում խոտեր են աշխատում ու չեն հասկանում, որ ոչ մի կարգ էլ չի փոխվել, եւ նախարարությունը ցանկանում է նույն քվեարկությունը, նույն ձեւով անցկացնել, ստանալ նույն արդյունքները, բայց դրա պատասխանատվությունը գցել լրագրողների վրա:
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում