Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսային միությանն անդամագրվելու դեպքում գնաճային ճնշման կարող է ենթարկվել լավագույն դեպքում ներմուծման միայն 26,6 տոկոսը. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 17,2013 12:36

Որ Մաքսային միությանն անդամագրվելուց հետո կարող են այլ երկրներից Հայաստան ներմուծվող որոշ ապրանքատեսակներ թանկանալ, իրականությունից այնքան էլ հեռու չէ։ Սակայն այնպես չէ, որ դա միանշանակ է եւ կարող է ապրանքների լայն շրջանակ ընդգրկել։

Նախ այն, որ Հայաստանի առեւտրային, մասնավորապես ներմուծման հարաբերությունները Եվրամիության հետ ամենեւին էլ գերակշռող չեն, իրողություն է։ Այդ երկրներին բաժին է ընկնում Հայաստանի ներմուծման 26,6 տոկոսը։ Սա ավելի քիչ է ԱՊՀ երկրներից իրականացվող ներմուծման համեմատ, որը հասնում է գրեթե 30 տոկոսի։

Իսկ ընդհանրապես Հայաստանի ներմուծման գերակշիռ մասը կատարվում է այլ երկրներից։ ԱՊՀ-ից եւ Եվրամիությունից դուրս ներկրվող ապրանքների տեսակարար կշիռը կազմում է ներմուծման գրեթե 44 տոկոսը։

Սա նշանակում է, որ Մաքսային միությանն անդամագրվելու դեպքում գնաճային ճնշման կարող է ենթարկվել լավագույն դեպքում ներմուծման միայն 26,6 տոկոսը։ Թեեւ այնպես չէ, որ դա եւս անխուսափելի է։ Կան մի շարք հանգամանքներ, որոնք անգամ Մաքսային միության կազմում թույլ չեն տալիս սահմանել ներմուծման ավելի խիստ ռեժիմներ, քան այսօր գործում են։

Մասնավորապես Հայաստանը մասնակից է մի շարք միջազգային համաձայնագրերի եւ, որ առավել կարեւոր է, Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է։ Իսկ դա որոշակի սահմանափակումներ է դնում կիրառվող մաքսատուրքերի առումով։ Ի տարբերություն այլ երկրների եւ Ռուսաստանի, Հայաստանն այս կազմակերպության շրջանակներում ստանձնել է շատ ավելի լիբերալ առեւտրային հարաբերություններ. մաքսատուրքերը հիմնականում չեն գերազանցում 10 տոկոսը։

Հազիվ թե կարելի է կարծել, որ Մաքսային միությանը անդամակցության շրջանակներում Հայաստանը պատրաստվում է հրաժարվել ԱՀԿ-ից։ Իսկ դա նշանակում է, որ ստանձնած մաքսատուրքերը կպահպանվեն նաեւ Մաքսային միության շրջանակներում։

Այլ հարց է, որ Ռուսաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամակցության շրջանակներում որոշ ապրանքների համար շատ ավելի բարձր մաքսատուրքեր կիրառելու հնարավորություն ունի, ինչից էլ այժմ օգտվում է Մաքսային միության շրջանակներում։ Հայաստանի դեպքում այդ հնարավորությունը խիստ սահմանափակ է, ինչը հիմք է տալիս ասելու, որ ավելի բարձր մաքսատուրքեր կիրառելու հավանականությունը շատ փոքր է։ Լավագույն դեպքում դրանք կարող են բարձրացվել մինչեւ 10 տոկոս։ Այնպես չէ, որ այսօր այդպիսի դրույքաչափեր ներմուծման դեպքում չեն գործում։
Առեւտրի համաշխարհային կազմակերպության նկատմամբ ստանձնած պարտավորություններն այսպես թե այնպես ստիպելու են Մաքսային միության անդամ երկրներին գտնել դրանք պահպանելու ուղիներ։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031