Լրահոս
Օրվա լրահոսը

Ներառական դպրոցների 50%-ը Երեւանում է, մարզեր կան՝ մեկ դպրոց ունեն

Դեկտեմբեր 17,2013 12:14

«Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» կազմակերպությունն այսօր «Կոնգրես» հյուրանոցում ներկայացրեց «ՀՀ-ում ներառական կրթության իրականացման գնահատումը» թեմայով հետազոտության հաշվետվությունը: Հետազոտությունն իրականացվել է Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի կողմից 2013 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում: Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են Երևան քաղաքի և ՀՀ 6 մարզերի 34 ներառական դպրոցներ: Ուսումնասիրության հիմնական նպատակն է եղել գնահատել ՀՀ-ում ներառական կրթության իրականացումը, հատկորոշել առկա խնդիրներն ու ռիսկերը, ինչպես նաև պոտենցիալ հնարավորությունները: Զեկույցն առկա է նաեւ «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» կազմակերպության կայքում:

Ըստ զեկույցի, Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին օրենքի ընդունումից ի վեր Հայաստանում գործում է 97 ներառական դպրոց (ՆԴ), որոնք ունեն մարզային անհավասարաչափ բաշխում: ՆԴ ավելի քան 50%-ը տեղակայված է մայրաքաղաքում, իսկ Արարատի, Վայոց ձորի, Արագածոտնի մարզերն ունեն ընդամենը մեկական ներառական դպրոց:

Օրենքով սահմանված կարգով, դպրոցին ներառական կարգավիճակ շնորհելուց առաջ` բազմամասնագիտական եւ ուսուցչական անձնակազմը պետք է վերապատրաստվի, մինչդեռ հետազոտությանը մասնակցած հիմնական առարկայական ուսուցիչների 62,8 %-ն է փաստել, թե մասնակցել է ներառական կրթության թեմայով վերապատրաստումների: 61,8%-ը վերապատրաստվել է միայն մեկ անգամ, վերապատրաստվածների 50,1%-ը չի հիշում, թե որ կազմակերպությունն է իրենց վերապատրաստել, 43,2%-ը անգամ չի մտաբերել, թե ինչ թեմայով էր վերապատրաստումը: 40%-ը նշել է, որ կարիք ունի լրացուցիչ վերապատրաստման: Նրանց 35,8%-ը, սակայն, գաղափար չունի, թե հատկապես ինչ թեմայով է վերապատրասման կարիք զգացվում:

Դրական միտում էլ կա՝ ՀՀ-ն ներառական կրթության իրականացման տեսանկյունից մեկ քայլ առաջ է հետխորհրդային երկրներում: 2022-ին էլ ԿԳ նախարարությունը նպատակ ունի բոլոր դպրոցները դարձնել ներառական: Ներառական դպրոցների տնօրենները լավ պատկերացում են ունեցել ներառական դպրոցների չափորոշիչների մասին:

Խնդիրներից մեկն այն է, որ երբեմն ծնողները չեն բարձրաձայնում իր երեխայի կրթության առանձնահատուկ կարիքների մասին, իսկ որոշ ուսուցիչներ դժգոհում են, թե չնչին աշխատավարձի պարագայում ինչո՞ւ պետք է ավելի ծանրաբեռված աշխատեն:

«Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը բացելով միջոցառումն ասաց, որ ակնկալում է կառուցողական քննարկումներ: «Բոլորիս միավորել է ցանկությունը՝ տեսնել մեր կրթական համակարգը լավագույն վիճակում»,-ասաց նա:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը նշեց, որ, այսպես կոչված, զիգզագներով ճանապարհ են անցել, որպեսզի նման մի վերլուծություն իրականացնեն եւ նախաձեռնեն այս քննարկումը՝ կայացնելու համար կրթական համակարգը՝ որպես ներառական, մարդու եւ երեխայի իրավունքները հարգող համակարգ, իրենք էլ հանդես գալով որպես հիմնադրամ, որը կարեւորել է մարդու իրավունքները, ընդունելով հասարակության այդ շերտը՝ թիրախային խմբում:

«Ներառականությունը կարեւոր է հասարակության համար, մենք ցանկանում ենք ստեղծել ներառական կրթության համակարգ, որն արդեն կայացած է…Ցանկանում ենք բարելավել երեխաների կյանքը, դարձնել այն ավելի լավը, պաշտպանել նրանց իրավունքները: Մանավանդ կան հատուկ կարիքներով շուրջ 2000 երեխաներ»,-իր ելույթում ասաց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիեթ Արենսը:

Դավիթ Ամիրյանն էլ փաստեց, որ իրենց կազմակերպության նախորդ՝ «Բարձրագույն կրթության ռեֆորմի իրականացումը Հայաստանում» հետազոտության ներկայացումը եւս աշխույժ է անցել: Ամենակարեւոր եզրակացություններից մեկը, ըստ նրա, այն է, որ բոլոր բացերը, որ վերաբերվում են կրթությանը, կարիք ունեն բաց, թափանցիկ մասնակցային քննարկումների: Նրա խոսքով, շահագրգիռ մարդիկ պետք է քննարկեն արծարծված բոլոր կարծիքները, մանավանդ հասարակության պահանջատիրության հարցը կրթական ոլորտում ամենակարեւորներից է:

Պարոն Ամիրյանը հավելեց, որ ուսումնասիրություններ իրականացնելիս բազմաթիվ խնդիրեր են տեսել ե՛ւ միջնակարգ եւ բարձրագույն կրթության ոլորտում, որոնք արժի դիտարկել համակարգային համատեքստում: Նրա ասելով, կոնկրետ բարձրագույն կրթության վերաբերյալ զեկույցի հետ կապված եղել են եւ դրական կարծիքներ, եւ այնպիսիները, որ հետազոտությունը համարել են պատվեր:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031