Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները» թեմայով խորհրդաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր եւ ընդունվել է համատեղ հայտարարություն

Դեկտեմբեր 17,2013 12:10

Դեկտեմբերի 14-15-ին Լոռու մարզի Թուֆենկյան կենտրոնում տեղի ունեցած «Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները» թեմայով խորհրդաժողովում ընդունվել է համատեղ հայտարարություն, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Վրաստանի Հանրապետության խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են հանձնաժողովների նախագահներ Արտակ Զաքարյանը եւ Թեդո Ջափարիձեն:

Համատեղ հայտարարություն
2013 թվականի դեկտեմբերի 14-15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունները (այսուհետ՝ Կողմեր) հանդիպեցին Հայաստանի Ալավերդի քաղաքում՝ քննարկելու հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները և հանդես եկան սույն համատեղ հայտարարությամբ:
Ընդգծելով իրենց նվիրվածությունը երկու ազգերի միջև բարեկամական հարաբերությունների դարավոր ավանդույթին,
ճանաչելով Վրաստանի խորհրդարանի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը,
հաշվի առնելով խորհրդարանների դերը միջազգային համագործակցության խորացման, փոխադարձ վստահության ձևավորման, ինչպես նաև ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման խնդիրներում,
գնահատելով օրենսդիր մարմինների նշանակալից ներդրումը տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերներին արձագանքելու գործում` Կողմերը
1. հայտարարում են, որ Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված կառուցողական միջխորհրդարանական համագործակցությունն ամուր հիմքեր է ստեղծում երկկողմանի միջխորհրդարանական կապերի հետագա զարգացման և ամրապնդման համար.
2. համաձայնում են հատուկ պարտավորություն ստանձնել՝ իրենց ընտրողների շրջանում բարձրացնելու Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման կարիքի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը՝ այսպիսով նպաստելով վստահության, փոխադարձ հարգանքի և ըմբռնման վրա հիմնված միջպետական կապերի ամրապնդմանը.
3. շեշտում են միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը երկու բարեկամ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման գործում.
4. ճանաչում են ապագայում համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը, տնտեսական նախաձեռնությունների և փոխադարձ շահերի վրա հիմնված ծրագրերի անհրաժեշտությունը, և նման ծրագրերի իրականացման ընթացքում խորհրդարանական աջակցության և վերահսկողության կարևորությունը.
5. ողջունում են ավելի ամուր և խորացված միջխորհրդարանական հարաբերություններ հաստատելու ներկա միտումը և ընդգծում նման համագործակցային ջանքերի կարևորությունը.
6. համաձայնում են համագործակցության սույն ձևաչափը դարձնել ավանդական և հաջորդ հանդիպումն իրականացնել 2014 թվականին Վրաստանում:

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Վրաստանի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի միջեւ համագործակցության մասին հուշագիր

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը և Վրաստանի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը (այսուհետ` Կողմեր)`
– կարևոր նշանակություն տալով Հայաստանի և Վրաստանի բարեկամական հարաբերություններին` փոխըմբռնմանն ու սերտ համագործակցությանը
– համոզված լինելով, որ երկու հանձնաժողովների միջև համագործակցությունը կնպաստի Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության խորհրդարանների միջև բազմակողմանի կապերի խորացմանն ու ամրապնդմանը
– ղեկավարվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով և նորմերով
– ընդունելով երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համագործակցության անհրաժեշտությունը
– հավաստելով իրենց ձգտումը համակողմանի համագործակցության հետագա խորացմանը` ուղղված միջխորհրդարանական կապերի զարգացմանը, օրենսդրական գործունեության շրջանակներում փորձի փոխանակմանը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համատեղ քննարկումների և խորհրդատվությունների իրականացմանը, երկու երկրների խորհրդարաններում քննարկվող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Համագործակցության հուշագրի սկզբունքները
Կողմերն առաջնորդվում են հետևյալ սկզբունքներով`
– համագործակցության ոլորտի աջակցմանն ու զարգացմանն ուղղված քաղաքականության մշակման գործում յուրաքանչյուր Կողմի լիարժեք անկախություն
– երկկողմ համագործակցություն իրականացնել իրավահավասարության, գործընկերության և փոխշահավետության հիման վրա`
գ համատեղ լսումների միջոցով
գ փոխայցելությունների միջոցով
գ միջազգային խորհրդարանական հարթակներում ակտիվ համագործակցությամբ
գ ժողովրդավարության ամրապնդման և երկուստեք հետաքրքրություն ունեցող խնդիրների շուրջ համատեղ նախաձեռնությունների միջոցով:

Համագործակցության հուշագրի նպատակները

1. Կողմերի միջև հարաբերությունների և համագործակցության հաստատում
2. համագործակցության մեթոդների, մեխանիզմների մշակում
3. գործունեության առանցքային ուղղությունների վերաբերյալ տեղեկատվության և փորձի կանոնավոր փոխանակում և ուսումնասիրում:

Կողմերի իրավասու մարմինները
Սույն Հուշագրի իրականացման համար Կողմերի իրավասու պատասխանատու մարմիններն են.
հայկական կողմից` ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով:
վրացական կողմից` ՎՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով:

Համագործակցության հուշագրի ուժի մեջ մտնելը
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում իր ստորագրման օրվանից և յուրաքանչյուր Կողմի համար կարող է վերանայվել տվյալ երկրի խորհրդարանի նոր գումարման կողմից ձևավորված հանձնաժողովում: Այն կարող է վերանայվել նաև կողմերից մեկի խորհրդարանում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կառուցվածքային ձևափոխման կամ գործառությունների և լիազորությունների փոփոխման պարագայում:
Սույն Հուշագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին հավելվածներով: Այդ հավելվածներն ուժի մեջ կմտնեն ստորագրման պահից և կհանդիսանան սույն Հուշագրի անբաժանելի մասը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031