Հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հարցազրույցից:
–Դավութօղլուն թուրքական լրատվամիջոցներին տված ասուլիսում ոչ միայն հերքեց այցից առաջ թուրքական մամուլում շրջանառության մեջ դրված նախապայմանները, այլեւ կիսաձայն խոսեց երիտթուրքերի անմարդկային գործողությունների՝ հայերի տեղահանության մասին։ Սա նույն իմիտացիոն գործընթացների շարունակությո՞ւնն է։
-Մենք բավական երկար ճանապարհ ենք անցել եւ Թուրքիայի հետ հարաբերությունների որոշակի փորձ ունենք, եւ այդ փորձը մի բան է հուշում՝ նրանց ոչ մի խոսքին պետք չէ հավատալ։ Եթե Թուրքիան, ի դեմս Դավութօղլուի, անկեղծ է Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իր մտադրության մեջ, խոսքեր շռայլելու փոխարեն ընդամենը մի քայլ պիտի անի՝ վավերացնի արձանագրությունները։
Այլապես բոլոր այդ խոսակցությունները, հայտարարությունները, որ հնչում են Դավութօղլուի եւ Թուրքիայի իշխող կուսակցության բարձրաստիճան այրերի մակարդակով, ընդամենը մի նպատակ են հետապնդում՝ 100-րդ տարելիցից առաջ երկխոսության պատրանք ստեղծել, դրանով իսկ խոչընդոտել Ցեղասպանության ճանաչման գործընթացը։
–Ադրբեջանի հռետորաբանության մեջ տեղի ունեցած փոփոխությունը, այդ համատեքստում Մինսկի համանախագահների կողմից հնչեցվող չափավոր լավատեսությունը նո՞ւյնպես այդ համատեքստում դիտարկենք։
-Միջնորդների անկեղծությանը չեմ կասկածում՝ նրանք անկեղծորեն ուզում են լուծել հակամարտությունը, կարգավորման ուղիներ առաջարկել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափն այն եզակի հարթակն է, որը միշտ հետեւողական է եղել, երբեք չի շեղվել կարգավորման՝ իր իսկ հռչակած հիմնարար սկզբունքներից։ Այս առումով պետք է շնորհակալ լինենք ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ համանախագահներին։
Բայց մի բան է, որ նրանք ցանկանում են լուծել խնդիրը, այլ բան են Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները, որոնք ուղղակի անհնար են դարձնում ցանկացած փոխզիջումային լուծում։ Այս դեպքում էլ նույնը պիտի ասեմ՝ եթե Ադրբեջանն իրոք ուզում է խնդիրը կարգավորել, խնդրեմ՝ Մինսկի խմբի համանախագահները առաջարկել են կարգավորման սկզբունքները. ի՞նչ խնդիր կա՝ թող ստորագրեն առաջարկվող փաստաթղթի տակ։ Այսինքն՝ ոչ թե խոսեն, այլ գործ անեն։
Որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ վաղ թե ուշ հարցը լուծվելու է. անլուծելի խնդիրներ չկան, եւ մի օր այդ պահը գալու է։ Աշխարհում եղել են նմանատիպ բազմաթիվ պրոբլեմներ, եւ այդ պրոբլեմները հաջողությամբ լուծվել են։ Խնդիրն այն է, որ դա լինի հարմար պահին։
Ո՞րն է այդ պահը։ Կարծում եմ, այս ժամանակահատվածը բավական հարմար է՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները երկու երկրներում էլ ավարտվել են, ստեղծվել են բարենպաստ պայմաններ գործընթացում բեկում մտցնելու, ճեղքում արձանագրելու համար։ Եվ եթե իրականում Ադրբեջանը պատմությունից դասեր է քաղել, պետք է հասկանա, որ ո՛չ ադրբեջանական վերնախավի մարտաշունչ հռետորաբանությունը, ո՛չ սահմանային միջադեպերը, ո՛չ խնդիրը Մինսկի խմբից միջազգային այլ հարթակներ տեղափոխելու փորձերը ցանկալի արդյունք չեն տա։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում