«Ցավոք որոշումն ընդունվել է և ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը՝UNDP-ի գրասենյակը տեղափոխվելու է Ստամբուլ»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում իր մտահոգությունը հայտնեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը:
Նշենք, որ արդեն Թուրքիա է տեղափոխվել ՄԱԿ-ի Բնակչության ֆոնդը, մանկական հիմնադրամը` Յունիսեֆը: Այս առիթով տիկին Դանիելյանն ասաց, որ 21 ՀԿ-ներից կազմված «Հանուն ՄԱԿ-ի հռչակագրի» կոալիցիան դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, որպեսզի վերանայվի այդ որոշումը, սակայն ապարդյուն: ՄԱԿ-ի տարածաշրջանային կառույցը հունվարից կտեղափոխվի Ստամբուլ: Կարինե Դանիելյանը զգուշացրեց. «Հայաստանը այդ տարածաշրջանային կառույցի հետ չի աշխատելու, Թուրքիան այսպես պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ու նաև պաշտպանվում է»:
Նախախորհրդարանի անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նկատեց. «ՄԱԿ կոչվածն իր հիմքում ունեցել է մարդասիրական մի շարք խնդիրների լուծումը:
Բայց մենք այժմ լուրջ մտածելիք ունենք, որ ՄԱԿ-ը դեռ հարյուր տարին չլրացած փոխել է իր առաքելությունը: Հիմա կառույցը զբաղված է քաղաքականությամբ և դրա պատճառը փողն ու հզորությունն է: Սկսեցին UNDP-ի գրասենյակի տեղափոխման խնդիրը քննարկել այն դեպքում, երբ թուրքական հասարակությունը ոչ միայն չի ապաշխարել, այլև մեկ հարյուրամյակի ընթացքում շարունակում է ջարդերը՝ 1938-ի ջարդերը, սելեկտիվ զորահավաքը, հույների և հայերի՝ Ստամբուլում կատարված ջարդերը և այլն»:
Կարդացեք նաև
Բանախոսները փաստեցին, որ ՄԱԿ-ին չպիտի մեղադրենք, այլ համատեղ աշխատենք Սփյուռքի հետ և վարենք իրազեկման քաղաքականություն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ