«Մեզ մոտ այլընտրանքային խափանման միջոցներ գոյություն չունեն՝ վարչական հսկողությունը, տնային կալանքը եւ այլ միջոցները: Սրանք ներմուծվելու են մեր օրենսգրքով: Հուսանք, որ դրանք ամրագրվելուց հետո՝ էականորեն կբեռնաթափենք քրեակատարողական հիմնարկները: Եվ երբ խափանման այլ միջոցներն այլեւս կիրառելի չենք՝ նոր միայն կանցնենք կալանքի»,- սրանք, ըստ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, ամենակարեւոր փոփոխություններն են, որոնք նախատեսվել են ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքում: Նախագիծը երեք տարի մշակվելուց հետո հասել է արդեն ԱԺ:
Նախարարի խոսքով, նոր օրենսգրքով սահմանվելու է նաեւ, որ մեղադրյալի միայն ինքնախոստովանական ցուցմունքը բավարար չի լինելու մեղադրանքի հիմք ընդունվելու համար, եթե չկան այլ ապացույցներ. «Էականորեն բարձրացվելու է դատարանի դերը, քրեաիրավական որակումը տվյալ արարքի, անկախ նրանից՝ ինչ է բերվում դատարան, դատարանում կարող է ասվել՝ արարքը սա է, բայց որակումն անցնի դատարանին»:
Պարոն Թովմասյանն օրենսգրքի նախագծում վիճահարույց հարցեր է տեսնում. «Կա խնդիր դեռեւս ցուցմունքների դեպոնացման հետ: Մի մասը գտնում է, որ դեպոնացումը կարող է վտանգել եւ բացառապես դա դրվել մեղադրանքի հիմքում, բայց դա կքննարկվի: Հուսով եմ՝ չեն լինի վիճահարույց հարցեր»:
Քրեական դատավարության օրենսգրքի նախագծում մտահոգություններ է տեսնում փաստաբան Հայկ Ալումյանը. «Ես կանխատեսում եմ լրացուցիչ խնդիրներ: Այն, ինչ այսօր ունենք՝ մեղադրյալի նախաքննության փուլում տված ցուցմունքները մեզ համար դառնում են մեծ խնդիրներ դատաքննության ժամանակ: Վախենում եմ, որ այդ նույն մեխանիզմն ավելի կատարելագործված ձեւով սկսի աշխատել, երբ սկսի գործել դեպոնացման ինստիտուտը: Մեղադրյալի ցուցմունքը դատավճռի հիմքում դնելու համար է հենց նախատեսված այդ ինստիտուտը»:
Կարդացեք նաև
Նոր քրեական դատավարության օրենսգրքի աշխատանքային խմբի անդամներն այսօր նախագիծը իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին, փաստաբաններին ներկայացրին «Մարիոթ» հյուրանոցում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ