Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդուարդ Զորիկյան. «Նման բան թշնամին է անում՝ ջնջում է հիշողությունը, պատմությունը». «Իրատես de facto»

Դեկտեմբեր 17,2013 11:39

Հատված երգահան ԷԴՈՒԱՐԴ ԶՈՐԻԿՅԱՆԻ հետ հարցազրույցից:

– «Իմ քաղաք, իմ ամրոց»Ինչոր բան փոխվե՞լ է մեր քաղաքամրոցում։

– Փոխվել է գրեթե ամեն ինչ. սկզբում քաղաքի կենտրոնը փոխվեց, հիմա նաև քաղաքի ծայրամասերն են փոխվում, ճարտարապետությունը։ Մարդիկ քաղաքից արտագաղթում են, այդ տեղը թափուր չի մնում, գալիս են ուրիշները՝ թե դրսից, թե ներսից, տարբեր շրջաններից։ Մայրաքաղաքում բնակություն հաստատելու իրավունք ունի յուրաքանչյուր հայ, բայց այս ամենը այնքան սրընթաց է կատարվում, որ ուղղակի չես հասցնում «մարսել»։

Քաղաքի դեմքը արագ ու կտրուկ փոխվում է։ Շատերն են դժգոհում, որ չպիտի արվեր նման բան, և միշտ շեշտում են, որ ամեն ինչ սկսվեց Հյուսիսային պողոտայից։ Առաջարկներ են լինում, որ քանդեն Հյուսիսային պողոտան և նույն տեղում վերականգնեն հին Երևանը, չգիտեմ, ինչքա՞ն է դա իրատեսական։

Ցավալին այն է, որ Էրեբունի-Երևան ենք նշում, շեշտելով քաղաքի հնամյա պատմությունը, ու չկա մի շենք, որ ցույց տաս, ասես՝ այս մեկը 200 տարեկան է, այս մեկը 300 տարվա պատմություն ունի։ Ինչ կար՝ քանդեցին, հիմա ուզում են առանձին մի հատվածում վերականգնել, բայց դա չի լինի հին Երևան։ Ես համոզված եմ, այդ շենքերում կլինեն ռեստորաններ, զվարճանքի վայրեր։

Երբ Հյուսիսային պողոտան նախագծում էին, նախատեսված էր Լալայան փողոցում 1-2-հարկանի շենքեր կառուցել ու հանձնել դրանք արվեստի, արհեստի մարդկանց, այսինքն, լինելու էր Վարպետների քաղաք։ Բայց ոչ մի բան չի արվել և, իհարկե, չի արվի, որովհետև այդ տարածքի ամեն քառակուսի մետրը 30 հազար դոլար արժի, ո՞վ կտա կավագործին, գորգագործին, նկարչին, որ իր, այսպես ասած, բիզնեսն առաջ տանի։

Այսօր վերևում հայտնված մարդիկ ամեն քառակուսի մետրի արժեքը գիտեն, այդ մեզ փոխհատուցեցին 300 դոլարով, բայց իրենք հո գիտեի՞ն ինչ արժեր հողի ամեն քառակուսի մետրը։

Ես շատ լավ գիտեմ այս պատմությունը, որովհետև այն բազմաթիվ մարդկանցից մեկն եմ, ում գլխին ջարդվեց այդ բիզնես-նախագիծը. զրկեցին սեփականությունից, հողից, շինությունից, պատմությունից, հիշողությունից։ Երբ այս ձևով ես Երևանը «կառուցում», իհարկե քաղաքը փոխում է դեմքը, դառնում անճանաչելի։

Երևանի մասին Ձեր երգերը նո՞ւյնպես փոխվել են։

– Քաղաքի հետ կապված բացասական երևույթները երգում արտացոլվում են որպես ափսոսանք, թախիծ։ Ես այդ դեպքերից հետո, երբ սեփական բակից հայտնվեցինք շենքում, խորանարդիկի մեջ, գրեցի «Դստրիկիս նկարը» երգը, որը, կարելի է ասել, վավերագրական երգ է։ Մի օր ես տեսա, որ աղջիկս՝ Սիրարփին, մեր բակն է նկարում, նկարում է այն, ինչին կարոտել է, ինչ հիշում է դեռ՝ մեր բակը, ուր կլոր սեղան է, սեղանի շուրջ հավաքված ընկերներ։ Երևանի հետ շատ դաժան վարվեցին: Նման բան թշնամին է անում. ջնջում հիշողությունը, կտրում է սերունդներին արմատից ու փոխարենը մատուցում անհասկանալի, անդեմ երկաթ, բետոն, եվրոպատուհան, դուռ։ Իզուր չէ, որ Հյուսիսային պողոտայի յուրաքանչյուր բնակարան արդեն բազմիցս վաճառվել-վերավաճառվել է, բայց բնակություն դեռ ոչ ոք չի հաստատել։

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031