«Փողոցի ձյունը թվացյալ է», «ՀԺ» 13 դեկտեմբերի, 2013թ. ներկայացված էր նաեւ Մաշտոց-Լուսավորիչ խաչմերուկի գետնանցումը՝ ձյունով ծածկված իր աստիճաններով։ Երեկ, այսինքն հինգ օր անց՝ ամեն ինչ նույնն էր։
Երեկ «ՀԺ»-ի թղթակիցը արձանագրել է, որ գետնանցումի աստիճանները դեռ մաքրված չեն, ինչն անհետևանք չի անցել։ Իսկ ժամը 14-ի սահմաններում, ընդամենը 20 րոպեի ընթացքում, երկու դեպք է գրանցվել նույն գետնանցումում։ Մոտ 50 տարեկան անցորդ մի կին ընկել է սառույցի վրա, եւ ըստ նախնական տեղեկությունների, կոտրել ազդրը։
Նրան առաջինն օգնության հասած դպրոցականները թղթակցին պատմել են, որ ղրանից քիչ առաջ եւս մի քաղաքացի է ընկել գետնանցումի սառույցի վրա։ Բարեբախտաբար այդ մի դեպքն առանց վնասվածքների է ավարտվել։ Դիտարժան տեսարան է եղել նաեւ այն, թե ինչպես են ազդրը կոտրված կնոջը շտապօգնության մեքենա տեղափոխում ձյունից չմաքրված աստիճանների վրայով եւ սառցակալած մայթով։
Նախորդ շաբաթ Երեւանը ձնից «մաքրելու» ֆոտոշարքին արձագանքելով՝ քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արթուր Գեւորգյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ սա այն դեպքն է, երբ ոմանց համար բաժակը կիսով չափ լիքն է, ոմանց համար՝ կիսով չափ դատարկ։ Հետաքրքիր է՝ քաղաքապետարանի աշխատակիցների կարծիքով, սառույցի վրա ընկած քաղաքացու ազդրը կիսով չափ կոտրվա՞ծ է, թե՞ կիսով չափ չկոտրված։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում