Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշման վերաբերյալ քննարկելու բան, իրոք, կա. արդյո՞ք նոր մարտահրավերներ չեն ներկայանալու Հայաստանի տնտեսության համար ՄՄ մուտք գործելով, արդյո՞ք մեր ապրանքները մրցունակ կամ պահանջարկված են լինելու ՄՄ-ի` դեռեւս մեզ անհայտ օրենքներով եւ չկարգավորված դաշտում, կամ մեր արտադրանքը կարո՞ղ է առհասարակ մրցակցել ռուսական, ղազախական, բելառուսական արտադրանքի հետ, երբ ինքներս էլ գիտենք դրա մեծ մասի անորակությունը: Արդյոք մեր կառուցվածքներն օժտվա՞ծ են այնպիսի պաշտպանվածությամբ, որ ընդհանրապես մեր տնտեսությունը չի ճզմվի այլոց արտադրանքի էքսպանսիայից: Հասկացանք` եվրոպական շուկաներին պատրաստ չէինք` մեր անորակ, հաճախ կապկվող ապրանքներով ու զանազան արտադրական մեքենայություններով, բայց Մաքսայինին պատրա՞ստ ենք, ունե՞նք դրա պատասխանը:
Մյուս կողմից էլ` ո՞վ է նման բան կարողանալու քննարկել ԱԺ-ում, երբ երկու-երեք որակյալ տնտեսագետ հազիվ թե գտնվի ԱԺ պատգամավորների մեջ, մեծ մասը պարզապես բարձր խոսողներ կամ ընդհանրապես չխոսողներ են: Ու նրանցից շատերն էլ հազիվ թե կարողանան պատասխանել այն հարցին, որ եթե ու իսկապես իրականություն դառնա ՄՄ մտնելու Հայաստանի որոշումը, ու եկող տարվա երկրորդ կեսին Հայաստանն արդեն լինի Մաքսային միությունում (ինչին խիստ կասկածում է տողերիս հեղինակը), ապա ի՞նչ պետք է լինի 2014 թվականի բյուջեի կատարողականի հետ, ի՞նչ կերպ է լուծվելու կուտակային կենսաթոշակների` արդեն հիմնադրամներոււմ կուտակված միջոցների հարցը, ի՞նչ է սպասվում դրամին, եթե ՄՄ-ում միասնական դրամական միավորով են հետագայում աշխատելու` էլ ի՞նչ կուտակային բաղադրիչ կամ դրանով գոյացած միջոցներ (հիշու՞մ եք ինչպես արժեզրկվեց ռուբլին եւ հազար ռուբլին մի գիշերում դարձավ 250 դրամ):
Թե՞ ինչպես կասկածում են ոմանք` կուտակային բաղադրիչն անհրաժեշտ է մինչեւ ՄՄ մտնելը` մի շարք խնդիրներ լուծելու համար:
Կպակասի՞ արդյոք արտագաղթը, թե՞ առավել մեծ ծավալներ կընդունի:
Կարդացեք նաև
Բոլոր դեպքերում Հայաստանը գնում է դեպի անհայտություն, որ կարող է եւ բարեկեցության ծիլեր պարունակել, եւ կործանման` անկախ ազգային անվտանգության եւ պաշտպանական համակարգն ապահովելու մեծ պայմանի իրագործումից:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում