Կառավարությունը, որը չապահովեց նախագահի ակնկալած եւ հայտարարած 7 տոկոս տնտեսական աճը, պե՞տք է շարունակի իր գործունեությունը՝ երեկ հարցրինք ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին։ «Սերժ Սարգսյանն է պայմանավորվել 7 տոկոսի համար, եւ ինքը պետք է նայի-տեսնի ինչո՞ւ է պակաս եղել, որովհետեւ կարող են լինել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, հետեւաբար, ըստ այդ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառների, գնահատականի, նախագահն իր որոշումը պետք է կայացնի»,- ասաց պատգամավորը։
Փաստորեն, այդ պատճառները հաշվի չեն առնվել, կամ եթե այդպիսիք կան, արժե՞ր արդյոք նման հայտարարություն անել։ «Այդ հայտարարությունը ե՞ս եմ արել, որ ինձ հարցնում եք»,- վրդովվեց Հակոբյանը։ Թե որն է պատգամավորի անձնական տեսակետը, պե՞տք է արդյոք պահել ձախողված կառավարությանը, ՀՀԿ-ական օրենսդիրն այսպես պատասխանեց. «Այդ հարցի գնահատական տվողը հանրապետության նախագահն է, ինքն է ներկայացնում վարչապետին ԱԺ եւ քաղաքական գնահատական տվողն ինքն է։ Այդ հարցի պատասխանը հենց միայն նրանից կարող եք ակնկալել, ոչ թե Հակոբյան Հակոբից»։
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ, մոռանալով, որ նման պայման Սերժ Սարգսյանն էր դրել, նետեց. «Կառավարության հրաժարականի հարցը տաղտկալի սցենար է, որը հաճախ է առաջանում հայաստանյան իրականությունում, ցանկացած կառավարության դեպքում»: Սահակյանն ասաց, որ իրենք ոչ քննարկում են կառավարության հրաժարականի հարցը, ոչ էլ նման խնդիր կա. «Այնպես որ, հանգիստ թող նստեն իրենց տեղը եւ փորձեն իրենց ընդդիմադիր կեցվածքը սփոփել այլ տեղում»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում