Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը «Վիլնյուսից հետո. ծառացած մարտահրավերները և ապագայի թաքնված հնարավորությունները» խորագրով հանրային քննարկման ժամանակ պատմեց Արեւելյան գործընկերության երկրների վիլնյուսյան համաժողովի մասին:
Ըստ պարոն Գրիգորյանի՝ «չենք կարող ասել, որ վիլնյուսյան գագաթաժողովը տապալվեց, քանի որ, ամեն դեպքում, երկու երկիր՝ Վրաստանը եւ Մոլդովան, նախաստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը: Այդուհանդերձ, գլխավոր նպատակը՝ Ուկրաինայի ստորագրումը, չեղավ. «Ուկրաինայի դերն ավելի մեծ է եվրոինտագրացիայի հարցում՝ մեծ շուկայի, աշխարհագրական դիրքի, իրականում Եվրոպայում գտնվող երկրի համար»: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ Ս. Գրիգորյանի. «Վատ չի, որ մի երկու տեղ նույնիսկ հիշատակվեց Հայաստանը, մի քանի ոլորտներում՝ ավելի ցածր մակարդակով, ստորագրվեցին հուշագրեր, ինչը շատ կարեւոր է, քանի որ մեր ֆիզիկական կապը Եվրոպայի հետ մնաց»:
Պարոն Գրիգորյանի տեսակետով՝ այն, ինչ անում է Ռուսաստանը, հասկանալի է՝ Ռուսաստանն այդպես է հասկանում իր շահը, չի ուզում, որ Հայաստանը եւ Ուկրաինան ստորագրեն ասոցացման համաձայնագիրը եւ անում է ամեն ինչ՝ խանգարելու համար. «Դա իր իրավունքն է, իր շահն է: Ռուսաստանը բարձրացրեց այդ հարցը գլոբալ ճակատամարտի մակարդակով, դա մարտահրավեր էր, ու Եվրոպան դրան պատրաստ չէր, քանի որ Եվրամիությունը Արեւելյան գործընկերության ծրագրին նայում էր ուղղակի որպես այդ երկրներին ավելի մոտ լինելու ծրագիր եւ ոչ թե՝ Ռուսաստանից երկրների պոկելու ծրագիր»:
Ստեփան Գրիգորյանը նաեւ ԵՄ մեղավորությունը նկատեց որոշ հարցերում: Ըստ նրա՝ եթե Հայաստանը պատրաստ էր հունիսին նախաստորագրելու ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, պետք է հենց այդ ժամանակ էլ ստորագրեին եւ ոչ թե ձգեին մինչեւ նոյեմբեր, ինչ է թե Վիլնյուսում բոլոր երկրները միասին դա անեին: Նույնը վերաբերում է նաեւ մյուս բոլոր երկրներին, որոնց հետ նույնպես հարկավոր էր նախաստորագրել համաձայնագրերը՝ դրանք պատրաստ լինելուն պես: Իսկ այդքան ձգձգելու արդյունքում «հակա» ուժերն իրենց գործն արեցին եւ քանդեցին ամեն ինչ: Պարոն Գրիգորյանը նաեւ նկատեց, որ Ռուսաստանի հետ խիստ խոսելու պարագայում որոշ բաներ փոխվում են: Որպես վկայություն բերեց Գերմանիայի ԱԳ նախարարի սպառնալիքը՝ չմասնակցել Սոչիի օլիմպիադային, եւ Մոսկվայի տոնը միանգամից փոխվեց, ասացին, որ Ուկրաինայի հետ գործ չունեն, կողմնորոշվողը Ուկրաինայի ժողովուրդն է, թող ինքն անի իր ընտրությունը. «Եթե Եվրոպայի այդ գրանդ-պետությունները ժամանակին խիստ խոսեին՝ նման խնդիրներ չէին լինի»:
Կարդացեք նաև
Նա նաեւ տխուր կանխատեսում արեց այն մասին, որ եթե մենք մեր երկրի ողջ անվտանգության համակարգը, հիմա էլ տեսական համակարգը, ռազմավարական կարեւորագույն օբյեկտները տվել ենք մեկի ձեռքը, ապա այդ պետությունը կորցնելու ոչինչ չունի եւ առաջնորդվելու է միայն իր շահով: Իսկ այս տարածաշրջանում ՌԴ շահը պահանջում է, որ Ադրբեջանը մտնի Եվրասիական միության մեջ, այնպես որ՝ «սպասեք նոր լուծումներ՝ Ղարաբաղի հարցում, ոչ Հայաստանի օգտին»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ