ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի պատասխանը Aravot.am-ի հարցին:
– 55 տարի լավագույն մարզիկների թեկնածուների ցուցակը կազմել է մարզական լրագրողների ֆեդերացիան եւ լրագրողները որոշել են տասը արժանավորներին: Ու երբեք ոչ սպորտի նախարարությունը, ոչ օլիմպիական կոմիտեն չեն խառնվել: Հիմա նախարարությունը հանդես է եկել այդ գործընթացը կանոնակարգելու նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով տարվա լավագույն մարզիկների տասնյակի ընտրության հարցում անաչառություն եւ հնարավորին չափ մեծ թվով մարզական լրագրողների մասնակցության ապահովումը:
– Ես ճանաչում եմ մոտ երկու տասնյակ մարզական փորձառու լրագրողների, որոնք մշտապես լուսաբանում են հայկական սպորտը: Թող ներող լինեն մյուսները, նրանց գրեթե երբեք հանրապետության առաջնություններում չեմ տեսել: Եթե նրանք չեն ճանաչում հայաստանցի մարզիկներին, ինչպե՞ս կարող են հնարավորին չափ ճիշտ ընտրություն կատարել: Սպորտի նախարար եղած ժամանակ եւ հիմա էլ երբեք չեմ խառնվել տասնյակի ընտրության գործին, որովհետեւ նախ, լրագրողների հմտությունները, մարզական գիտելիքները, հավատացեք, այս պահի դրությամբ գրեթե մի քանի անգամ բարձր են սպորտի պետական կառույցում աշխատող, անգամ բարձր պաշտոններ զբաղեցնողների ունեցածից: Ուստի մարզական լրագրողներին ուղղություն ցույց տալը ճիշտ չեմ համարում: Իմ ունեցած տեղեկություններով նախարարության ներկայացրած առաջին ցուցակը՝ 13 հոգի, ուղեցույց է եղել: Հետո ձեր՝ լրագրողներիդ, օգնությամբ թեկնածուների ցուցակը դարձել է 22 կամ 23 հոգի, իսկ վերջում անհասկանալի ձեւով հասել 57-ի: Շատ բան ասել չեմ ուզում, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չտալու համար: Սպորտի հետ այդպիսի խաղեր խաղալ չի կարելի: Սա իմ բարի խորհուրդն է:
Տարվա լավագույն տասնյակը տարվա մարզական արդյունքների արտացոլումն է: Մասնակցել ես միջազգային պաշտոնական մրցումների, զբաղեցրել համապատասխան տեղ, կամ պարտվել ես: Մարդկանց էլ պետք է հասկանալի լինի, որ սա հանդիսականի համակրանքի մրցույթ չէ, այլ՝ մարզական արդյունքների չոր հաշվարկ: Ես միշտ բերում եմ Լիոնել Մեսսիի օրինակը, որը մի քանի տարի ճանաչվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, բայց իր երկրում լավագույնների տասնյակը չի գլխավորում: Եվ դա այն դեպքում, որ նա անձամբ առնվազն մի քանի միլիոն երկրպագու ունի»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ