Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյան. «Ասացեք՝ ո՞նց եմ հայտնվել փողոցում»

Դեկտեմբեր 16,2013 20:51

Այսօր Վարչական դատարանում Արաբկիր համայնքի ոստիկանությունն ընդդեմ Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի գործով նախնական նիստն էր: Ոստիկանությունը պահանջում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով՝ (ոստիկանի օրինական պահանջը չկատարելը) պատասխանատվության ենթարկել Արգիշտի Կիվիրյանին:

Ոստիկանության ներկայացուցիչ Դիանա Վարդանյանը որպես հայցի հիմք հասարակական կարգի պահպանման, երթեւեկության անվտանգության ապահովման, Ոստիկանությանը վերաբերող եւ տասնյակ այլ հոդվածներ ներկայացրեց, իսկ երբ պատասխանող կողմի պաշտպան Արամազդ Կիվիրյանը խնդրեց հստակեցնել հայցի իրավական հիմքը, Դիանա Վարդանյանը հրաժարվեց՝ պնդելով. «Հայցվոր կողմն արդեն նշել է հայցի առարկան: Չեմ կարող կրկնել, որովհետեւ արդեն նշել եմ: Կրկնելու անհրաժեշտություն չկա»:

Դատական նիստը թեժ էր եւ զգացմունքային: Հայցվոր կողմը պատասխանողին մեղադրեց պրովոկացիաներ անելու եւ փաստերը խեղաթյուրելու մեջ, երբ պատասխանողը պնդում էր, որ հայցվորը հրաժարվում է ներկայացնել հայցապահանջը: «Մի՛ բորբոքվեք»,- հորդորեց հայցորին Կիվիրյանը: Միջամտեց դատավորը. «Հանգիստ, մի՛ լարեք, ձեր կրքերը»:

Պատասխանող կողմը հետաքրքրվեց հստակեցնել, թե որն է վարչական զանցանքը, որի համար վարչական պատասխանատվության են ենթարկում, ում կողմից եւ երբ:

Մանրամասները նկարագրելիս Ոստիկանության երկու ներկայացուցչի պատմածներում ի հայտ եկան հակասություններ:

Նրանցից մեկը զանցանքի փաստական հանգամանք էր ներկայացնում սեպտեմբերի 4-ին Բաղրամյան 26-ում ոստիկանները Կիվիրյանից  պահանջել են ազատել փողոցի երթեւեկելի մասը, որտեղ նա նստել է, մյուսն էլ պատմում էր, որ բողոքի մասնակիցները, այդ թվում Կիվիրյանը,  թույլ չեն տվել իրականացնել երկու ակտիվիստի վարչական ձերբակալումը:

Կիվիրյանի պաշտպանն էլ հետաքրքրվեց՝ ինչպես են բողոքի մասնակիցները հայտնվել փողոցում. «Ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս է Կիվիրյանը դուրս եկել երթեւեկելի մաս, անձամբ ինքն է՞ դուրս եկել, թե՞ իրեն այնտեղ ոմանք տարել են»:

Ոստիկանության ներկայացուցիչը, հարցից շեղվելով, կրկին պատմեց, որ ոստիկանությունը խաղաղ հավաքին չի միջամտել, այլ միջամտել է, երբ Կիվիրյանը դիտավորությամբ խախտել է երթեւեկությունը, նստել փողոցի մեջտեղում: Դատավորը հայցվորի այս ասածները պատասխան համարեց եւ ասաց ՝ «ընդունվում է ձեր պատասխանը»:

Միջամտեց Արգիշտի Կիվիրյանը. «Ներողություն, բայց ես էլ եմ ուզում իմանալ, հստակ հարց է տալիս: Հարցին չի պատասխանում ասում եք՝ ընդունվեց: Պատասխանեք, ո՞նց եմ հայտնվել փողոցում, ո՞ր մասին: Կամավո՞ր եմ հայտնվել, թե՞ ոչ: Ասեք՝ կամավոր եմ հայտնվել, եւ մենք կապացուցենք՝ կամավորը ոնց է լինում եւ որ ոստիկանը մարդու բարեկամն է»:

Ոստիկանները այս եւ այլ հարցերի պատասխանները խոստացան, որ դատարանը կստանա իրենց միջնորդությամբ դեպքի օրը վկա ոստիկանների կողմից:

Այսօր պատասխանող կողմը դատարանում տեղեկացավ նաեւ , որ հայցվոր կողմը լրացումներ է արել իր հայցում եւ պահանջեց գրավոր տարբերակը, որ կարողանան դիրքորոշում հայտնել եւ անհրաժեշտ ապացույցներ ներկայացնել: Դատական հաջորդ նիստը հաջորդ տարվա հունվարին է լինելու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031