Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր առաջադեմ կենտրոնները այսօր գտնվում են Մաքսային միության տիրույթից դուրս». Խաչատուր Քոքոբելյան

Դեկտեմբեր 16,2013 20:08

«1997 թվականին Հայաստանի Հանրապետությունն եւ Ռուսաստանի Դաշնությունը պայմանագիր են ստորագրել բարեկամության մասին, որի 3-րդ կետում ուղղակիորեն գրված է, որ կողմերը պարտավոր են իրենց հասանելի միջոցներով նպաստել խաղաղության կայացմանը, այլ ոչ՝ հակառակը»,- դեկտեմբերի 16-ին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի եւ Երիտասարդ առաջնորդների դպրոցի կողմից կազմակերպված հանրային բանավեճ-քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Պարոն Քոքոբելյանը պնդում է, որ Ռուսաստանը խախտում է այդ պայմանագիրը, քանի որ զենք է վաճառում Ադրբեջանին եւ հենց այդ քայլը վտանգի է ենթարկում Հայաստանին.

«Այդպիսի պարզագույն ճշմարտությունների մասին հանգիստ խղճով խոսել եւ փորձել դա կոծկել, ես դա համարում եմ մարտահրավեր Հայաստանի Հանրապետությունում ապրող ցանկացած քաղաքացու նկատմամբ, դա կլինի հայ, ռուս, ուզբեկ, թե ուկրաինացի, որովհետեւ անվտանգության խնդիրը վերաբերվում է ցանկացած քաղաքացու: Բայց ի՞նչ է նշանակում 4 միլիարդի զենք վաճառել այն էլ բացառապես հարձակվողական սպառազինություն եւ խոսել բալանսավորված անվտանգության մասին»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգությունը տարածաշրջանում հոմանիշ է, Խաչատուր Քոքոբելյանը կարծում է, որ նման բան չի կարող տեղի ունենալ, քանի որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է եւ ունի իր շահերը: Նա նաեւ կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման բանալին չի գտնվում Հայաստան-Ադրբեջան հարթությունում. Այստեղ գերտերությունների շահերի չհամընկման խնդիր կա: Իսկ անվտանգության թիվ մեկ երաշխավորող համարում է զարգացած եւ զարգացող ու ապագա հեռանկար ունեցող Հայաստանի Հանրապետությանը եւ նրա քաղաքացիներին:

Խաչատուր Քոքոբելյանի պնդմամբ՝ Հայաստանի մուտքը Մաքսային միություն պարտադրված որոշում է, եւ դա գիտակցում են բոլորը՝ բոլոր միջազգային սուբյեկտները, բոլոր բարձրաստիճան եվրոպական պաշտոնյաները: Հայաստանի այդ քայլը պատգամավորը համարում է ոչ միայն Հայաստանի ձախողում. Նա նաեւ Եվրոմիության մեղքի բաժինն էլ է տեսնում.

«Մենք չպետք է մեղադրենք ռուսներին, կամ եվրոպացիներին, որ մենք գնացինք Մաքսային միություն. Դա, բացառապես, ինքնիշխան Հայաստանի Հանրապետության ինքնուրույն որոշումը պետք է լիներ, եւ պետք է, այո՛, բացառապես, մեր շահը հաշվի առնվեր, այլ ոչ թե սպասարկեինք ուրիշ շահեր»:

Իր խոսքում նա նաեւ անդրադարձավ տնտեսության զարգացմանը. Ըստ նրա՝ առանց եվրոպական երկրների ուղղակի ներդրումների տնտեսական զարգացում չի կարող արձանագրվել. «բոլոր առաջադեմ կենտրոնները այսօր գտնվում են Մաքսային միության տիրույթից դուրս»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031