Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի 35-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 29-ին ունենալով շահադիտական դրդումներ, ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում տալով՝ գիտակցաբար կեղծ տեղեկատվություն է տրամադրել այն մասին, որ իբր 2013թ. հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի Դիտավան գյուղի բնակիչ Ա.Ս.-ն նույն գյուղի անտառամասում օգտվելով իր անօրինական վիճակից՝ բռնաբարել է իրեն: Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով («Սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, կատարվել է շահադիտական դրդումներով»): Սույն հոդվածը նախատեսում է մինչեւ 5 տարի ազատազրկում: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ինչպես տեղեկացնում է «Դատալեքս» կայքը, այս քրեական գործով դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է դեկտեմբերի 18-ին: Մեր ունեցած տվյալներով՝ կինը տղամարդու հետ սեռական հարաբերություն է ունեցել, ակնկալելով, որ նա իրեն ֆինանսապես կօգնի , երբ վերջինս հրաժարվել է դա անել, կինը բռնաբարության մասին հաղորդում է տվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ