Լրահոս
Օրվա լրահոսը

Փառատոն, որը լրացնում է կինոարվեստի պատմության բացթողումները

Դեկտեմբեր 16,2013 19:40

Կանանց ֆիլմերի միջազգային փառատոնը, որը 35 տարեկան է, նպատակ ունի գտնելու, բացահայտելու և աջակցելու կինոարվեստում իրենց գործունեությունը ծավալող կին ռեժիսորներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի ժյուրիի տնօրեն Ժակլին Բյուեն:

«Մենք փորձում ենք մեր գործունեությամբ լրացնել կինոարվեստի պատմության բացթողումները, այլ խոսքով ասած՝ ձգտում ենք կինոարվեստի զարգացմանը մասնակից դարձնել նաև կին կինոռեժիսորներին»,- ասաց նա:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, Հայաստանի և Ֆրանսիայի միջև ի թիվս այլ ընդհանրությունների, կարևորեց մի ընդհանրություն ևս. «Թե´ հայերը, թե´ ֆրանսիացիները սիրում են կինոարվեստը, և անշուշտ տեղյակ եք, որ կինոյի ոլորտում կա հայ-ֆրանսիական համագործակցություն: Որպես ասածիս հիմնավորում՝ բավական է նշել Անրի Վեռնոյի անունը, որի ավանդը նշանակալի է ֆրանսիական կինոարվեստում, Ռոբերտ Գետիկյանի անունը, «Փարաջանով» ֆիլմի ռեժիսոր Սերժ Ավետիքյանինը ու էլի շատ-շատերի անուններ: Եվ, երևի թե, սրանով է պայմանավորված այն հաճելի իրողությունը, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրում հատուկ տեղ է հատկացվում ֆրանսիական կինոարվեստին»,- նշեց պարոն Ռենոն, որին նաև մեծ գոհունակություն է պատճառում Ֆրանսիական դեսպանատան գործուն մասնակցությունը «ՌեԱնիմանիա» կինոփառատոնի կազմակերպման և անցկացման ողջ գործընթացին: ««ՌեԱնիմանիան» նպաստեց հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնմանը կինոարվեստի բնագավառում: Այս առումով տեղին է ընդգծել նաև «Ֆրանսիական կինոյի հինգշաբթիներ» նախագծի դերը, որի շրջանակներում ամսական մեկ անգամ՝ որևէ հինգշաբթի օր, ֆրանսիական ֆիլմ ենք ցուցադրում»,- ասաց դեսպանը:

Նշենք, որ 6 ֆիլմ է ցուցադրվելու կին կինոռեժիսորներին հայտնաբերող, բացահայտող «Կին» միջազգային փառատոնի շրջանակներում, որը կանցկացվի դեկտեմբերի 14-18-ը` Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:

Ֆրանսիացի ռեժիսոր Ստեֆանի Ասիմակոպուլոն, որի «Կապույտ գնացք» ֆիլմը ևս մասնակցում է կինոփառատոնին, ցավով նկատեց, որ կինեմատոգրաֆիան տղամարդկանց աշխարհ է, որտեղ կնոջը բաժին ընկած աշխատանքը բավականին ծանր է: «Կինը միայն մեծ ջանքեր գործադրելով կարող է իր տեղը կինոաշխարհում նվաճել: Բացի այդ, այն հայացքը, որով տղամարդիկ են նայում աշխարհին, բոլորովին նույն հայացքը չէ, որով կանայք են նայում այդ նույն աշխարհին: Եվ ես իմ «Կապույտ գնացք» ֆիլմում ձգտել եմ հենց այդ կանացի հայացքն ավելի հասանելի, ավելի տեսանելի և ընկալելի դարձնել»,- ասաց կինոռեժիսորը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031