Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանը ջրծաղիկով հիվանդ զինվորի մահվան` բժշկական անփութության համար մեղադրվող, հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանի եւ հոսպիտալի պետ, գնդապետ Միքայել Միքայելյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը վերսկսելու որոշում կայացրեց:
Դատավորը նաեւ «հիմնավորեց» թե ինչու: Հիմնավորումները ավելի շուտ հիշեցնում էին իր իսկ կայացրած որոշմանը մեկնաբանություն տալ:Մինչդեռ, հայտնի է, որ դատավորի մեկնաբանությունը համարվում է իր իսկ կողմից կայացրած դատական ակտը, ոչ` ավելին:Մանավանդ, եթե հաշվի առնենք այն, որ դատական նիստը վերսկսելու մասին որոշումը պաշտպան Լեւոն Պողոսյանի կողմից չընդունվեց միանշանակ, նա ասաց, թե բողոքարկելու է:
Դատավորը հայտնեց, որ պաշտպանները`Լեւոն Պողոսյաննն ու Վարդուհի Էլբակյանը միջնորդել էին իրենց պաշտպանյալների նկատմամբ կիրառել համաներում, կարճել քրգործի վարույթը եւ դադարեցնել քրեական հետապնդումը նրանց նկատմամբ:
Ըստ դատավորը, տուժողի իրավահաջորդը եւ նրա ներկայացուցիչը երկու նիստ լքել են դատական նիստերի դահլիճը, անգամ առանց դատավորի թույլտվության, հետեւաբար,դատարանը չի կարողացել իմանալ նրանց դիրքորոշումը:
Պաշտպանական կողմի միջնորդությունը ֆոտոպատճենի տեսքով ուղարկվել է նրանց, եւ ըստ դատարանի, քանի որ կողմը կարող է առարկել, քանի որ համաներումը չկիրառելու համար գտնի, որ կա, բացառող հանգամանք, հետեւաբար, առանց նրանց կարծիքի պաշտպանների միջնորդությունը չի կարող դատական ակտ կայացնելու հիմք դառնալ:
Դատավորն առաջնորդվեց նաեւ բարոյական նորմերով, երբ նշանակելու էր հաջորդ դատական նիստի օրը.ոչ թե զինվորի մահվան տարելիցին, որը դեկտեմբերի վերջին է, այլ գալիք տարվան:
Նիստը վերսկսելուն եւ նշանակված օրվա դեմ չառարկեց նաեւ մեղադրողը` Անահիտ Եսայանը: Նա ասաց, որ պետք է չշտապել, քանի որ մահացել է տասնիննամյա երիտասարդ, եւ բոլոր հանգամանքները, ապացույցները պետք է բազմակողմանի ուսումնասիրվեն:
Դատական նիստը նշանակվեց հաջորդ տարվա հունվարի 15-ին:
Դատական նիստին ներկա չէին ներկայանալ փաստաբան Վարդուհի էլբակյանը, տուժողի ներկայացուցիչը` Մուշեղ Շուշանյանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ