Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական հասարակության ներսում խլրտո՞ւմներ կան

Դեկտեմբեր 16,2013 19:17

Երկու օր առաջ հետվիլնյուսյան թեմայով համաժողով էր հրավիրել Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը (ազգային համակարգող՝ Բորիս Նավասարդյան), եւ այսօր այդ նույն թեմայով հանրային քննարկում էր նախաձեռնել Բաց հասարակության հիմնադրամը (տնօրեն՝ Լարիսա Մինասյան):

Ուրբաթ օրը կայացած համաժողովի ընթացքում մի թեթեւ ակնարկ հնչեց այն մասին, որ Բաց հասարակության ինստիտուտը ԱլԳ ՔՀՖ-ի միջոցով Եվրամիությունից ինչ-ինչ ակնկալիքներ է ունեցել, եւ ԱլԳ ՔՀՖ ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը անգամ համաժողովին ներկա ԵՄ ներկայացուցիչներին հումորով հանդիմանեց, թե, երբ գրում ենք, որ համաժողովը ձեր աջակցությամբ է, մարդիկ մտածում են, թե մեծ ֆինանսներ կան, եւ վատ են զգում, որ իրենք բաժին չունեն:

Այսօրվա հանրային քննարկմանն էլ հնչեցին անբարեհաճ խոսքեր ԱլԳ ՔՀՖ-ի հասցեին: Նախ, պարզվեց, որ հանրային քննարկմանը ներկա առնվազն երկու ՀԿ՝ Լեւոն Բարսեղյանի ղեկավարած «Ասպարեզն» ու Ստեփան Գրիգորյանի ղեկավարած « Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը, սառեցրել են իրենց անդամակցությունը ավելի քան 180 ՀԿ-ներից կազմված այդ ֆորումին:

Լեւոն Բարսեղյանը այսպես բացատրեց իրենց այդ որոշումը. «Պահ է եկել, որ կարելի է կոչել իսկության պահ: Այս ամենի համար (ՀՀ-ի՝ եվրոպական կողմնորոշումից շեղվելու) պատասխանատուն քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմն է: Սա բնապահպանական պլատֆորմ չէ, սա Արեւելյան գործընկերությանը Հայաստանի մասնակցության, եվրոինտեգրման քաղաքացիական հասարակության պլատֆորմն է: Ես կարծում եմ, որ այս պլատֆորմը՝ 150 ՀԿ-ներից բաղկացած, պետք է պատասխանատվության կանչեր Սերժ Սարգսյանին, հարցներ, թե ո՞վ է նրան լիազորել Հայաստանի ողջ հասարակության անունից գնալ ինչ-որ տեղ ինչ-որ հայտարարություն անել: Այն բանից հետո, երբ պլատֆորմը դիրքորոշում հայտնեց՝ դիրքորոշում ունեցավ՝ երկխոսել, բանակցել պաշտոնական անմեղսունակություն դրսեւորած իշխանությունների հետ, մենք սառեցրեցինք մեր անդամակցությունը պլատֆորմին»:

Իսկ Ստեփան Գրիգորյանը նույն թեմայի վերաբերյալ ասաց. «Վիլնյուսում Արեւելյան գործընկերության անդամ երկրների համաժողովի քաղաքական մասին զուգահեռ ընթանում էր քաղաքացիական հասարակության պլատֆորմի կոնֆերանսը: Մեծ աշխուժություն եղավ, երբ Ուկրաինայի ազգային պլատֆորմը սիմվոլիկ կերպով ստորագրեց եվրոպական քաղաքացիական հասարակության պլատֆորմի հետ Ասոցացման համաձայնագիրը: Մենք նման բան չարեցինք, թեեւ կարող էին: Մեր ՀԿ-ն կասեցրեց իր անդամակցությունը պլատֆորմին, եւ պատճառներից մեկն այն է, որ պետք է արձագանքել եղած իրավիճակին: Իսկ ի՞նչ պետք է անի մեր ազգային պլատֆորմը, եթե այլեւս հարց չմնաց անելու: Եվ ինձ շատ զարմացրեց, որ այդ երկու օրվա քաղաքացիական ակտիվ ֆորումին, որտեղ ելույթ էին ունենում վեց երկրների փորձագետները, եւ որը շատ ակտիվ պրոցես էր, Հայաստանից որեւէ մեկը պանելային ելույթ չունեցավ»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031