Հայ-թուրքական արձանագրությունների խոչընդոտը Ադրբեջանն էր: Դավութօղլուն բարի կամքի դրսևորման հնարավորություն էր տեսել, սակայն պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ այս այցելությունից, ասել է Թուրքիայի տնտեսական և սոցիալական արտաքին քաղաքականության ծրագրի պատասխանատու Այբարս Գյորգուլուն «Հուրիեթ» թերթին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայաստանյան այցին:
Ըստ նրա, արձանագրությունների ստորագրումը դրական մթնոլորտ էին ստեղծել, սակայն գործընթացի տապալումը մեծ հիասթափություն առաջացրեց. «Երբ մենք խոսում ենք մեր հայ գործընկերների հետ նրանք մեղադրում են Թուրքիային: Ինձ թվում է երկու կողմերն էլ սխալներ թույլ են տվել, բայց կարծում եմ Թուրքիայի մեղքն ավելի մեծ էր», – ասում է Գյորգուլուն, որը Դավութօղլուի այցի պատճառները կապում է 2015թ. մոտենալու հետ, – «Վերջին երկու տարիների ընթացքում ոչ մի պաշտոնական շփում չի եղել, և այնտեղ [Հայաստան] չգնալը նույնպես խնդրահարույց կլիներ: Մինչև 2015թ. Թուրքիան փորձում է Հայաստանի հետ բանակցությունների նոր ուղիներ գտնել, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տա, որ Թուրքիան չի մեկուսացնում Հայաստանին, և որ կողմերը բանակցությունների մեջ են: Օրինակ, Դավութօղլուն ասաց՝ [հայերի] տեղահանումներն անմարդկային էին: Այդ հաղորդագրությունը 2015թ. համար էր: Նա մարդասիրական հարթությունն է ընդգծել»:
Գյորգուլուն, 2015թ. դիվանագիտական նախաձեռնություններից բացի, կարևոր է համարում, թե ինչ կանի Թուրքիան 1915թ. հետ կապված. «Ներողությո՞ւն կխնդրի, կառավարությունը պաշտոնական հայտարարությա՞մբ հանդես կգա՝ կարեկցանք հայտնելով զոհերին, հուշարձա՞ն կտեղադրվի: Կարծում եմ, բոլոր տարբերակները քննարկվում են Անկարայում: Բոլորը սպասում եմ, որ Թուրքիան ինչ-որ բան կանի»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ