Այսօր Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հրապարակեց իր անցկացրած հարցման արդյունքներով 2013 թվականի «Հայաստանի 10 լավագույն մարզիկների» անվանացանկը:
Հարցմանը մասնակցել է մարզական թեմաներով գրող 22 լրագրող: Ստացվել է այնպես, որ մոտ օրերս հրապարակվելու է նաեւ լավագույն տասնյակի եւս մի տարբերակ, որը մարզական լրագրողներին «աջակցելու» նպատակով նախաձեռնել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Բացառված չէ, որ տասնյակների երկու տարբերակների միջեւ մարզիկների եւ նրանց զբաղեցրած տեղերի տարբերություն լինի: Այդ դեպքում, պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն աշխարհին կներկայանա լավագույնների երկու տասնյակով: Հետաքրքիր է, թե տարեվերջյան պարգեւատրությունների արարողություններից ո՞րն է պաշտոնական եւ ավելի ընդունելի համարվելու:
Aravot.am-ը այսօր փորձեց լսել թե սպորտի պետական կառույցի եւ թե ՀԱՕԿ-ի ղեկավարների տեսակետները, մանավանդ, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն սպորտի այս երկու կառույցներն առանձին են ամփոփելու մրցաշրջան 2013-ը:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի հետ, որը պատրաստակամությամբ է պատասխանում մեզ հետաքրքրող հարցերին, կապ հաստատել չհաջողվեց:
Կարդացեք նաև
Իսկ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ասաց, որ օլիմպիական կոմիտեն ճանաչում է «Հայաստանի 10 լավագույն մարզիկների»՝ Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի տարբերակը:
Նա, մասնավորապես, ասաց. «Այդ առումով մեր՝ մարզաշխարհի դիրքորոշումը հստակ է: «Լավագույն տասնյակը» 1958 թվականից ի վեր որոշել է մարզական լրագրողների ֆեդերացիան եւ ՀԱՕԿ-ը ճանաչելու է ՄԼՀՖ-ի տարբերակը (ՄԼՀՖ-ն արդեն հրապարակել է այն: Ա.Հ.): Երբ հրապարակվեց 22 կամ 23 թեկնածուների ցուցակը՝ լավ չեմ հիշում, որը տրամադրել է նախարարությունը, ես դրան լիովին համաձայն էի եւ ուրախ, որ սպորտի պետական կառույցն այդ հարցում սկզբունքայնություն է ցուցաբերել: Մարզաշխարհում էլ հանդարտություն էր տիրում, որ այս կամ այն մարդկանց կամ կազմակերպությունների ազդեցություն պետական կառույցի, հետեւաբար, ամենակարեւոր՝ տարվա վերջնական պարգեւատրման վրա չի կարող ազդել: Սակայն օրեր անց հրապարակվեց տասնյակի հավակնող մարզիկների նոր ցուցակ՝ 57 հոգու, որը, ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, կազմել են մասնագետները: Այդ նոր ցուցակում հայտնվել են այնպիսի մարզաձեւերի ներկայացուցիչներ՝ լող, խոտի հոկեյ, հանդբոլ եւ այլն, որոնք մարզական ոչ մի նկատելի արդյունք չունեն: Դա զավեշտ է: Ես չեմ թերագնահատում ոչ մի մարզաձեւ եւ ոչ մի մարզիկի: Օրինակ, լողորդ Վահան Մխիթարյանը, որին ՀԱՕԿ-ն է հովանավորում, որպեսզի նա մարզվի լավագույն մարզաբազաներում, տվյալ դեպքում՝ Վոլգոգրադում, եւ նոր-նոր սկսի արդյունքներ ցույց տալ: Վահանը մեր մարզիկն է: Բայց «Գիմնազիադայում» 3-րդ տեղ զբաղեցնողի անունը գրել լավագույն տասնյակի թեկնածուների ցուցակում, զավեշտ է: Եթե բանը հասել է դրան, ուրեմն՝ ողբամ զքեզ, հայկական սպորտ:
Կամ ինչպե՞ս կարելի է ընդամենը Հայաստանի թույլ առաջնության չեմպիոն դարձած թիմի մարզիկին աշխարհի, Եվրոպայի չեմպիոնների հետ հավասար մտցնել թեկնածուների ցուցակ: Եթե այդպես է, դա լացելու բան է: Երբ նայում ես այդ ցուցակին, չես կարող լուրջ վերաբերվել: Ես ցավում եմ մի բանի համար. մարզաշխարհը միշտ սկզբունքային է եղել իր գործունեության մեջ, իր արժեքներին ու գաղափարներին չի դավաճանել՝ անկախ տարբեր տրամաչափերի ազդեցությունից»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ