Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, ինչ տալիս է Մաքսային միությունը, Եվրամիությունը չի կարող կոմպենսացնել. Խոսրով Հարությունյան

Դեկտեմբեր 16,2013 18:26

«Եթե փորձեք մեր ամբողջ արտադրանքի կառուցվածքը վերլուծել, ապա մենք կարող ենք փաստել հետեւյալը՝ մոտավորապես, մեր արտաքին առեւտրաշրջանառության 25-30 տոկոսը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին, այդ թվում` առաջին հերթին, 24 տոկոսը Ռուսաստանի Դաշնությանը, մոտավորապես, 30 տոկոս, մի քիչ ավելի, բաժին է ընկնում Եվրամիությանը, բայց եթե Եվրոպական միությունը ստանում է հիմնականում հումք, հանքահումքային արտադրության արտադրանք՝ պղինձ, մոլիբդեն եւ այլն, ապա ԱՊՀ շուկան, ըստ էության, սպառում է մեր ամբողջ արտահանման ողջ ծավալը, այսինքն՝ ԱՊՀ շուկան, իր սպառողական կարողություններով եւ մեզ համար պահանջարկված լինելով, մեր ռեալ սեկտորը բազմապրոֆիլ դիվերսֆիկացված արտաքին հարաբերություններ ձեւավորելու համար ավելի նպաստավոր է, քան եվրոպական շուկան»,- դեկտեմբերի 16-ին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի եւ Երիտասարդ առաջնորդների դպրոցի կազմակերպած հանրային բանավեճ-քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Քննարկումը կազմակերպված էր «Հայաստանի եվրոպական ապագայի դպրոց» ծրագրի շրջանակներում, քննարկման թեման էր «Եվրոպական Միությունն ու Մաքսային Միությունը Վիլնյուսից հետո»:

Խոսրով Հարությունյանի իր խոսքում նշեց, որ այն, ինչ տալիս է Մաքսային միությունը, Եվրամիությունը չի կարող կոմպենսացնել. «Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ տնտեսականից զատ նաեւ ռազմաքաղաքական են, այսինքն՝ իրենց մեջ պարունակում են անվտանգության կոմպոնենտ: Ինքը՝ Եվրամիությունը, անվտանգության սպառող է, նա ուրիշի անվտանգության համակարգից է օգտվում, ինքը երաշխիքներ չի կարող տալ»:

Խոսրով Հարությունյանի պնդմամբ «կա՛մ, կա՛մ» քաղաքականությունը Եվրամիության համար սպառնալիքի տակ դրեց Արեւելյան գործընկերություն ծրագիրը, որից Եվրամիությունը մեծ սպասելիքներ ուներ: Նա առաջարկեց փորձել առանց խոչընդոտելու օգտագործել թե՛ Մաքսային միությունը, թե՛ Եվրամիության հնարավորությունները, որի արդյունքում՝ Հայաստանը կարող է դառնալ մի յուրատեսակ հարթակ.

«Ըստ էությամբ՝ Մաքսային միությանը անդամակցելու պարագայում, մեզ մոտ անվտանգության մակարդակը 1 աստիճան բարձրանում է, հետեւաբար՝ ներդրողների համար դա պակաս գրավիչ չի դառնում, որովհետեւ, ըստ էության, նվազում են բոլոր ներդրումների քաղաքական ռիսկերը, մյուս կողմից՝ Եվրոպական միության հետ համագործակցությունը հարեւանության, Արեւելյան գործընկերության շրջանակներում, համագործակցության արդյունքում, ներտնտեսական համակարգի արդիականացումը ռեալ հնարավորություններ է ստեղծում ներգրավելու օտարերկրյա, այսինքն՝ արեւմտյան ներդրողներին»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031